Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պլատինին խոստացել է անել հնարավորը, որ Մխիթարյանը կարողանա ազատ մուտք գործել Ադրբեջան

15:28, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Պլատինին խոստացել է անել հնարավորը, որ Մխիթարյանը կարողանա ազատ մուտք գործել Ադրբեջան
     Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսիան» ՊԱՕԿ-ի, «Կրասնոդարի» և ադրբեջանական «Գաբալայի» հետ ընդգրկվեց C խմբում: Երեկվանից շրջանառվում են խոսակցություններ, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` չմասնակցի «Գաբալայի» հետ արտագնա խաղին:
     Ադրբեջանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրներն սկսեցին լուրեր տարածել, որ Բաքուն կարող է թույլ չտալ Հենրիխ Մխիթարյանին՝ մուտք գործել Ադրբեջան, անգամ՝ ձերբակալել, քանի որ նա 2011 թվականին այցելել է Արցախ:
     «Բորուսիայի» մամլո ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգեն այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Մենք հույս ունենք, որ այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Հիմա Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գերազանց խաղ է ցուցադրել»:
     Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին. «Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցումներին՝ անկախ քաղաքացիությունից ու կստանա անհրաժեշտ վիզա ու մուտքի թույլտվություն: Խոստանում եմ, որ իրավիճակը հարթելու համար կանենք ամեն ինչ»:
5490 | 0
Facebook