Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին». «Ոչ թալանին»-ը վերսկսում է իր պայքարը

14:16, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
«Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին». «Ոչ թալանին»-ը վերսկսում է իր պայքարը

Մենք նոր անհնազանդության ալիք ենք սկսելու և կոչ ենք անում բոլորին` սեպտեմբերի 1-ին ժամը 16-00-ին, դուրս գալ փողոց, մասնակցել մեր քննարկումներին, որը տեղի կունենա Սիրահարների այգում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Միհրան Ավագյանն, Արտուշ Չիբուխչյանն ու Արթուր Քոչարյանը: «Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին: Անցել է 2 ամիս` աուդիտ չեղավ: Իր արած բոլոր քայլերը հակասում են իր իսկ հայտարարությանը: Եթե ուզենար` այս աընթացքում փոփոխություն կլիներ»,- ասաց Ա. Չբուխչյանը` կրկնելով մի քանի օր առաջ արված հայտարարությունը, որի համաձայն «Ոչ թալանին»-ը տարբեր ՓՄՁ-ներից ահազանգեր են ստանում առ այն, որ ՀԷՑ-ի աշխատակիցները պարտադրում են վերջիններին` ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, թե իբրև ընդունում են էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը: «Ստացվում է` կա՛մ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ և ՀԷՑ-ը արհամարհում է նրան և նրա հայտարարությունը, կա՛մ էլ` Ս. Սարգսյանը` Աբրահամայան Հովիկի հետ միասին, խաբել են մեզ: Մենք կոչ ենք անում ՓՄՁ բոլոր ներկայացուցիչներին` չստորագրել այդ փաստաթղթերն ու պատրաստ լինել փողոց դուրս գալու: Մենք համոզվեցինք, որ միայն փողոցում են հարցերը լուծում ստանում»,- ասաց նա:

Նախաձեռնության մյուս անդամ Արթուր Քոչարյանն էլ հավելեց, որ կան մարդիկ, ովքեր զանգահարում են իրենց և ասում, որ իրենց «շչոչիկն» այս ամիս շատ է գրել… Ստացվում է` Ս. Սարգսյանը փաստացի սուտ է խոսել, բայց առայժմ ոչինչ չենք ասում: Կքննարկենք, փաստեր կհավաքենք, նոր հայտարությամբ հանդես կգանք»:

Աուդիտ անցկացնելու մասին էլ նշեցին, որ իրենք ի սկզբանե չգիտեին, թե ինչ է նշանակում «աուդիտ»-ը. «Մենք մասնագետ չենք և հստակ չէինք հասկանում դրա նշանակությունը և դուրս եկանք Բաղրամյանից, որովհետև վստահեցինք նախագահի խոսքին: Հիմա ամեն ինչ ավելի քան պարզ է»:

Ա. Չիբուխչյանը համոզված է` եթե սկսվի պայքարն` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի, ժողովուրդը ոտքի կկանգնի և կպաշտպանի իր իրավունքները. «Կգնանք մինչև չեղարկում, մեր առաջին պահանջը հենց դա էր: Կոչ ենք անում բոլոր ուժերին, ովքեր ունեն նույն պահանջը` գան, միանան, որովհետև սա բոլորի խնդիրն է»:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջին չեն միանում քաղաքական մյուս ուժերը, ինչի՞ հետ են կապված տարաձայնությունները, Չիբուխչյանը պատասխանեց, որ տարաձայնություն չկա, պարզապես առաջարկում են խնդիրը տարբեր ճանապարհներով լուծել, սակայն «Ոչ թալանին»-ը փողոցային պայքարի միջոցով է տեսնում այդ լուծումը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամների խոսքով՝ Բաղրամյանի պայքարը մեծ փորձ էր իրենց համար: Մեր թղթակցի հարցին, թե գործողությունների պլանում կա՞, թե որ փողոցներն են փակվելու, Չիբուխչյանն ասաց, որ Հայաստանում կարևորագույն շատ փողոցներ կան և պարտադիր չէ սահմանափակվել միայն Բաղրամայնով:

5356 | 6
Facebook