Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարևոր է, որ նոր ֆուտբոլիստները մերվեն թիմի խաղաոճին». Արտակ Օսեյան

17:11, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
«Կարևոր է, որ նոր ֆուտբոլիստները մերվեն թիմի խաղաոճին». Արտակ Օսեյան
     Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Այսօր Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն այդ հանդիպմանը: Նրանց թվում են նաև 3 նոր ֆուտբոլիստներ՝ հարձակվող Դավիթ Արշակյանը («Տրակայ», Լիտվա), կիսապաշտպան Շանթ Բեդրոսյանը («Դե Գրաֆսհապ», Հոլանդիա) և պաշտպան Աղավարդ Պետրոսյանը «Բանանց»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խոսեց նորեկների հնարավորությունների, ինչպես նաև Ռումինիայի հավաքականի հանդիպումից իր սպասելիքների մասին».
     Դավիթ Արշակյանի մասին
    
«Բոլոր նորեկներն էլ երկար ժամանակ մեր ուշադրության կենտրոնում են եղել, ուսումնասիրել ենք նրանց խաղը և եկել այն եզրակացության, որ նրանք անհրաժեշտ են հավաքականին: Մենք անընդհատ հետևել ենք Դավիթ Արշակյանի խաղին: Վերջին շրջանում նա բավականին հաջող է հանդես գալիս լիտվական «Տրակայի» կազմում, գոլեր է խփում և լավ մարզավիճակում է: Բարձրահասակ հարձակվող է, լավ է խաղում գլխով, տուգանային հրապարակում շատ արագ է կողմնորոշվում: Ուժեղ կողմերից է նաև այն, որ շատ լավ է աշխատում մեջքով դեպի մրցակցի դարպասը: Իմ կարծիքով նրա գալով մենք կարող ենք բազմազանություն մտցնել մեր հարձակման գծում: Բնականաբար, մենք չենք շտապում, քանի որ դեռ պետք է տեսնել, թե ինչպես Արշակյանը կմերվի թիմի խաղին, կհասկանա մեր խաղաոճը, բայց նախնական տպավորություններով՝ նա կարող է օգտակար լինել մեզ»:
     Շանթ Բեդրոսյանի մասին
    
«Դե Գրաֆսհապի» կիսապաշտպան Շանթ Բեդրոսյանի խաղին նույնպես հետևել ենք և որոշակի պատկերացում ունենք նրա հնարավորությունների մասին: Շանթը եզրային կիսապաշտպան է, կարող է խաղալ եզրերից յուրաքանչյուրում: Սակայն, հաշվի առնելով, որ Հոլանդիայում թիմերի գերակշռող մասը խաղում է 4-3-3 տակտիկական դասավորությամբ, իսկ եզրային խաղացողներն ավելի շատ հարձակվողներ են, դեռ պետք է տեսնենք, թե որքանով Շանթը կկարողանա հարմարվել մեր խաղաոճին»:
     Աղավարդ Պետրոսյանի մասին
    
«Ինչ վերաբերում է Աղավարդ Պետրոսյանին, ապա նրան հետևելու ավելի շատ հնարավորություններ ունենք, քանի որ խաղում է Հայաստանում: Նախորդ հավաքին հրավիրվել էր Գագիկ Մաղաքյանը, բայց, հաշվի առնելով, որ Մաղաքյանը վերջին շրջանում քիչ է խաղում, իսկ Աղավարդ Պետրոսյանը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է միջազգային հանդիպումների և լավ տպավորություն է թողել, որոշեցինք այս անգամ հավաքական հրավիրել Աղավարդ Պետրոսյանին: Լավ տվյալներով, խաղը լավ հասկացող կենտրոնական պաշտպան է: Նրա համար դժվար կլինի միանգամից հիմնական կազմում տեղ գտնելը, բայց ավելի բարձր տարիքային հավաքականի հետ մարզվելը միանշանակ օգտակար կլինի: Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման մասին Առաջին հանդիպումը ռումինացիների հետ ցույց տվեց, որ նրանք բավականին ուժեղ թիմ ունեն: Ռումինացիները շատ ագրեսիվ սկսեցին մեր հետ հանդիպումը, և մեր պաշտպանությունը չդիմացավ ճնշմանը ու մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց: Առաջին խաղում պարտությունը կապում եմ առաջին հերթին մեր պաշտպանական գծի անփորձության և թիմային ընդհանուր խաղակցվածության պակասի հետ: Մենք մի քանի անգամ նայել ենք տեսագրությունը, հասկացել ենք մեր սխալները, որոնք, մեր կարծիքով, շտկելի են: Կարծում եմ, որ մեր հավաքականը բավականաչափ պոտենցիալ ունի՝ այս անգամ ավելի հաջող հանդես գալու համար»: Արտյոմ Սիմոնյանի մասին
     «Ես խոսել եմ ազգային
     հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ, ով նշել է, որ Արտյոմ Սիմոնյանը պետք է ազգային հավաքականին, քանի որ ունի շատ լավ որակներ և ներկայումս լավ մարզավիճակում է: Այդուհանդերձ, Սիմոնյանը մեր թիմի ավագն է, առանցքային խաղացող, և ըստ պայմանավորվածության, եթե խաղաժամանակ չստանա ազգային հավաքականում, երիտասարդական հավաքականի կազմում կմասնակցի Ռումինիայի դեմ հանդիպմանը»:
3109 | 0
Facebook