Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հիվանդանոցային բուժում է ստանում ռեստորանում թունավորվածներից երեքը. (մանրամասներ)

14:46, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Հիվանդանոցային բուժում է ստանում ռեստորանում թունավորվածներից երեքը. (մանրամասներ)

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
     Օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7-ը 0-14 տարեկան են: Բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28-ը: Հիվանդների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Ներկայում միայն Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Մյուս բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս գրվել «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից:
     Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բոլոր հիվանդները հարսանեկան խնջույքի են մասնակցել Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններից մեկում: Հաշվառվել են ռեստորանում խնջույքի բոլոր մասնակիցները, աշխատանքներ են տարվել նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Բոլորին բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում անմիջապես դիմեն բժշկական օգնության: Պարզվել է ռեստորանում օգտագործած սննդի ցանկը։ Քննչական մարմինների, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:
     Հսկողությունը շարունակվում է:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից սուր թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 29 քաղաքացի:

8995 | 0
Facebook