Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է. ՀՀ նախագահ

13:10, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է. ՀՀ նախագահ
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պաշտպանության նախարարությունում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը:
    
     Հատված` Ս. Սարգսյանի ելույթից.
    
     Սիրելի՛ հայրենակիցներ,
     Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
    
     Ձեզնից շատերի համար այսօր բացառիկ օր է: Սպայական կոչումներ են հանձնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին: Նաև հրամանատարաշտաբային ու մեկամսյա դասընթացների շրջանավարտներին: Այստեղ են նաև Ռուսաստանի Դաշնության և արտերկրյա այլ ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական ակադեմիաների շրջանավարտները: Ձեր շարքերում են Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ ռազմական բժիշկներն ու Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ ռազմական դիրիժորները:
     Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտելու և սպայական կոչումների արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում եմ ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ահա ինչու մենք հավատում ու վստահում ենք ձեզ:
     Դուք այսօրվանից համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը: Ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ: Շիտակ կլինի այդ ողնաշարը՝ ուրեմն կունենանք այն պարտադիր նախադրյալը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչը: Այսօր, նայելով ձեր կուռ շարքերին և դեմքերին, չեմ կասկածում, որ դուք լուրջ եք, պինդ և պատասխանատու: Չեմ կասկածում, որ ամուր և շիտակ է մեր երկրի ու ժողովրդի ողնաշարը: Ձեզնով նա դառնում է ավելի կենսունակ:
     Այս հանդիսավոր պահին կարևոր եմ համարում ևս մեկ նկատառում: Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ ժամանակակից աշխարհում չկա ուսումնառության ավարտ հասկացություն: Կա միայն անընդհատ կատարելագործում: Ռազմաուսումնական հաստատություն կամ դասընթաց կամ նույնիսկ ակադեմիաներ ավարտելն իհարկե կարևոր է և պարտադիր, բայց դա բավարար չէ: Ե՛վ տեսական, և՛ գործնական ուսումնառությունը չընդհատվող գործընթաց է: Արդի քաղաքակրթությունը, այդ թվում` ռազմարվեստը, գրեթե ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ: Այդ խնդիրները պետք է ստանան ժամանակակից լուծումներ:
5695 | 2
Facebook