Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գրանցվել է արտակարգ դեպքերի աճ

17:25, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Գրանցվել է արտակարգ դեպքերի աճ
     Այսօր կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2015-ի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերի մասին վիճակագրական տվյալները:
    
     Ըստ Հ. Խանգելդյանի՝ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ գրանցվել է արտակարգ դեպքերի աճ, միաժամանակ նվազել է զոհերի թիվը՝ 5757 դեպք և 276 զոհ, նախորդ տարվա 5424 դեպքի և 279 զոհի համեմատությամբ:
    
     «Գրանցված արտակարգ դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին և ճանապարհատրանսպորտային պատահարներին: Հատկանշական է, որ դեպքերի աճի շուրջ 90 %-ը հրդեհներ են, որոնց մեծ մասը գրանցվել է Երևանում: Բարեբախտաբար, արձանագրվել է զոհերի թվի կրճատում, բայց միևնույն ժամանակ, աճել է տուժածների թիվը»- հավելեց Հ. Խանգելդյանը:
    
     ՃԿԱԿ պետը զգուշացրեց, որ առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանը կարող է մեծացնել բուսածածկ տարածքների հրդեհավտանգությունը և հորդորեց քաղաքացիներին պահապանել հրդեհային անվտանգության նորմերը: Նրա խոսքով՝ Երևանի առավել հրդեհավտանգ գոտիներ են համարվում Դալմայի այգու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքները:
    
     «Կոչ եմ անում ծխախոտի մնացորդը և ապակե տարաները չնետել աղբամաններից դուրս, և հատկապես խոտածածկ տարածքներում: Զգույշ եղեք նաև երեխաների գործողությունների նկատմամբ: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով` հանրապետության բոլոր մարզերում՝ մասնավորապես վտանգավոր օջախներում, սահմանվել է հատուկ հերթապահություն, և մեր փրկարարները, անհրաժեշտության դեպքում, կարող են մատուցել համապատասխան ծառայություններ»,- նկատեց Հ. Խանգելդյանը:
     Անդրադառնալով օրերս Բուսաբանական այգում բռնկված հրեդեհին՝ Հ. Խանգելդյանը նշեց, որ հրդեհի ծագման պատճառները դեռևս անհայտ են։
    
     Հ. Խանգելդյանի խոսքով՝ տարին թեև սկսվել է բավականին մեղմ վիճակագրությամբ, սակայն վերջին օրերին օձերի ներխուժումը բնակելի տարածքներ ավելի է ակտիվացել: Հ. Խանգելդյանը նշեց, որ գրանցվել է օձերի հայտնաբերման 391 ահազանգ, փրկարարների կողմից վնասազերծվել է 191 օձ, որոնցից 48-ը եղել է թունավոր:
    
     ՃԿԱԿ պետը խորհուրդ է տալիս օձեր հայտնաբերելու դեպքում ահազանգել 911 ծառայություն, պահպանել հանգստություն և չխոչընդոտել սողունների ազատ տեղաշարժը:
    
     «Ահազանգերի մեծ մասը ստանում ենք մայրաքաղաքի ծայրամասերից, իսկ մարզերից այս առումով առանձնանում է Կոտայքը: Ցավոք, այս կիսամյակում ունցել ենք օձի խայթոցից գրանցված մեկ մահվան դեպք: Նշեմ, որ մեր փրկարարներն արձագանքում են նաև տուժած կենդանիների օգնության կանչերին: 100-ից ավելի կենդանիներ մեր մասնագետների ջանքերով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է համապաստախան բուժօգնություն»,- ասաց Հ. Խանգելդյանը:
    
     ՃԿԱԿ պետը նկատեց նաև, որ այս կիսամյակում գազալցկայաններում գրանցվել է 14 պայթյուն, որոնք մեծամասամբ անվտանգության կանոնների լրջագույն խախտումների հետևանք են:
     Նրա խոսքով՝ ՏԿԱԻ նախարար Երիցյանի հրամանով` բոլոր գազալցակայաններում անցկացվել են և շարունակվում են խստագույն ստուգումներ:
4545 | 0
Facebook