Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ծովը, արևն ու ավազը շատ անհրաժեշտ են փոքրերին». մանկաբույժ

18:05, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Ծովը, արևն ու ավազը շատ անհրաժեշտ են փոքրերին». մանկաբույժ

Մանկաբույժ Նոնա Եղոյանի փոխանցմամբ` ցանկալի է երեխային ծով տանել 2-3 տարեկանից հետո, երբ երեխան արդեն քայլում և խոսում է:

«Շատ կարևոր է երեխային ծով տանել մեկ ամիս ժամկետով, հատկապես, եթե առաջին անգամ է: Հետագայում ևս ցանկալի է մեկ ամսից ոչ քիչ, որովհետև երեխաները բնակլիմայական պայմանների փոփոխությանն ավելի ուշ են հարմարվում: Առաջին 15 օրերին նրանք դեռ ադապտացիոն շրջանում են: Շատ հաճախ երեխաները ծովից վերադառնալիս հիվանդանում եմ, պատճառն այն է, որ օդափոխությունը ճիշտ չի կատարվել»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբույժը:

Նրա խոսքով` ծովը, արևն ու ավազը շատ անհրաժեշտ են փոքրերին: «Առավոտյան 6-ից 7-ը լինել ծովափում ու քայլել ավազի վրա շատ օգտակար է: Կարևոր է, որ երեխաները ծովափում շատ հեղուկ խմեն, սնունդը լինի վիտամիններով հարուստ, բայց ոչ դժվարամարս. հիմնականում` մրգեր ու բանջարեղեն: Իսկ ժամը 11-ից 17-ը պետք է խուսափել արևի տակ լինելուց»,- նշեց մասնագետն ու խորհուրդ տվեց չմոռանալ վերցնել գլխարկները, ակնոցներն ու պաշտպանիչ քսուքները:

Մանկաբույժի խոսքով` օգտակար է նաև երեխային հանգստի տանել անտառ, ծառերի մեջ` թթվածնով հարուստ միջավայրում:

9906 | 0
Facebook