Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր «Microsoft»-ը պաշտոնապես վաճառքի է հանել Windows 10-ը

11:42, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Այսօր «Microsoft»-ը պաշտոնապես վաճառքի է հանել Windows 10-ը

Այսօր ամերիկյան «Microsoft» կորպորացիան պաշտոնապես վաճառքի է հանել Windows 10 օպերացիոն համակարգը, որը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով` նախատեսված հանգստի և աշխատանքի համար: Այն արդեն ընկալում է ժեստերն ու ձայնային հրահանգները, կարող է զրուցել օգտատիրոջ հետ, անգամ անեկդոտ պատմել ու երգել, հետևել տիրոջ ներքին կանոնակարգին: Windows 10-ն ունի նաև նոր ինտերնետ-բրաուզեր` Microsoft Edge, որը փոխարինման է եկել նախկին Internet Explorer-ին:

Օպերացիոն նոր համակարգին անցումն առաջիկա 1 տարում անվճար է այն օգտատերերի համար, ովքեր արդեն ունեն լիցենզավորված Windows 7, Windows 8/8.1 օպերացիոն համակարգերից որևէ մեկը: Իսկ մյուս օգտատերերի համար այն կարժենա 200 դոլար:

Windows 10-ը նույնականացման նոր համակարգ ունի: Նախկինում առկա մուտքի գաղտնաբառից ու մատնահետքից բացի այն այժմ ունի աչքերի ցանցաթաղանթի կամ դեմքի սկանավորման հնարավորություն: Այդ միջոցները գործում են ոչ միայն համակարգիչ մուտք գործելու պահին, այլև վեբ-ծառայություններում աշխատանքի ժամանակ և ամեն տեղ, որտեղ մուտք գործելու համար թույլտվություն է անհրաժեշտ: «Համակարգին խափել ոչ մեկին չի հաջողվի»,- վստահ են ընկերության աշխատակիցները:

Օպերացիոն նոր համակարգը, որ արձագանքում է ժեստերին ու ձայնային հրահանգներին, ձայնային օգնական ունի` արհեստական ինտելեկտի տարրերով: Այն ընկալում է բնական խոսքը, կարող է ոչ միայն արտաբերել մուտք գործած հաղորդագրություններն ու տեքստը թելադրելու միջոցով նամակներ գրել, այլև կատարել ոչ ստանդարտ պահանջներ: Օրինակ` հետևել սպորտային նախընտրած հանդիպումների ընթացքին, հետաքրքիր բաղադրատոմս հորինել հյուրընկալության համար` հաշվի առնելով հյուրերի գաստրոնոմիկ ճաշակը: Վերամշակողները տեղեկացրել են, որ ինչքան հաճախ է օգտատերը շփվում ձայնային օգնականի հետ, այնքան ավելի լավ է վերջինն ընկալում ու ճանաչում տիրոջ ճաշակը: «Չզարմանաք, երբ մի օր ձայնային օգնականը կանխագուշակի ձեր ցանկությունն առանց հրահանգի: Վերամշակողները նաև նման հնարավորությամբ են օժտել դրան»,- ասել են աշխատակիցները:
     Հիշեցնենք, սակայն, որ Windows 10 համակարգի վերջնական տարբերակը նոութբուք համակարգիչների վրա փորձարկելիս օգտատերերը լուրջ թերացում են բացահայտել:

8559 | 0
Facebook