Խնդրում ենք սպասել...

Համացանց

Զարմանալի էր ինչպես նշանակումը, այնպես էլ աշխատանքից ազատումը. Բ. Պիպոյանը` Հովհաննես Մանուկյանի մասին

12:03, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2015 թ.
Զարմանալի էր ինչպես նշանակումը, այնպես էլ աշխատանքից ազատումը. Բ. Պիպոյանը` Հովհաննես Մանուկյանի մասին
     «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բ. Պիպոյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արդարադատության նախարարի հրաժարականին, գրել է.
    
     «Երեկ պարզ դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այս լուրը շատերի մոտ զարմանք առաջացրեց. այնպես, ինչպես որևէ մեկը չէր պատկերացնում, թե ինչու հենց Մանուկյանը դեսպանից նշանակվեց նախարար, այնպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ազատվեց աշխատանքից, այն դեպքում, երբ աշխատանքի ընթացքում ըստ էության չէր հայտնվել որևէ սկանդալի առանցքում, ընդհանուր առմամբ պատրաստ էր երկխոսության, թափանցիկ աշխատում էր ԶԼՄ-ների հետ, պատրաստ էր համագործակցության և երկխոսության հասարակական սեկտորի հետ: Հատկանշական է, որ արդարադատության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացնում այն ժամանակահատվածում, երբ ըստ էության կոնկրետ արդարադատության նախարարության գործունեության հետ կապված կարծես լուրջ հանրային դժգոհություններ չկային, համենայն դեպս, ընդվզման տեսքով, դրան ընդհակառակ, կա էներգետիկ համակարգում լուրջ քաոսայիին իրավիճակ, ընդ որում հենց էներգետիկայի նախարարը կարծես ժամանակից շուտ անցել է թոշակի (չնայած վաղուց է հատել թոշակի տարիքը), կողքից է հետևում էներգետիկ համակարգում տեղի ունեցող գործընթացներին և ըստ էության հենց նրա ձախողումն է, որ համակարգի գործունեության դեմ բողոքի պատասխանատվությունը ստանձնում են ավելի բարձր մակարադակներից, և այնպիսի տպավորություն է` կարծես անգամ մեր երկիրը չունի էներգետիկայի նախարար: Ոչ պակաս քննադատության է արժանանում էկոնոմիկայի նախարարը, քանզի իհարկե ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ տնտեսությունը չի ձախողում, մինչդեռ միջազգային որոշ գնահատականներ ապացուցում են հակառակը, և խոսքն այդպես էլ գործ չի դառնում: Կուլիսներում խոսվում է, որ դաշնակցականները բանակցում են գյուղատնտեսության, կրթության և գիտության ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնների համար, մինչդեռ նրանց առաջարկվում է առողջապահության նախարարի պորտֆելը և այս ֆոնի վրա աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում արդարադատության նախարարը:
     Ահա, թե որքան է մասնակից երկրում տեղի ունեցող գործընթացներին ՀՀ քաղաքացին: Հասարակությունը պայքարում է էլէներգիայի սակագնի թանկացման դեմ, դժգոհում հանրային ծառայությունները կարգավորող/հարամող հանձնաժողովից, ընդհուպ կառավարության մակարդակով փաստում են, որ ՀԷՑ-ում տեղի են ունեցել չարաշահումներ, բոլորը գիտակցում են, որ այդ ամենը պետք է կանխեր հենց էներգետիկայի նախարարությունը, հասկանում են, որ այլընտրանքային էներգետիկ ոլորտը չի զարգանում, պատասխանատու է էներգետիկայի նախարարը, բայց աշխատանքից ազատվում է արդարադատության նախարարը … առնվազն` զարմանալի է:
     Հ.Գ.
     Իրականում շատ ավելի կարևոր է ոչ թե այն հանգամանքը, թե ով է ազատվում աշխատանքից, այլ այն, թե ով է փոխարինում նրան: Միշտ էլ կարելի է գտնել ամենալավից լավին, և չեմ կարծում, որ որևէ մեկը համարել է, որ Մանուկյանն անփոխարինելի է, սակայն մտահոգիչ է, որ ազատվում է աշխատանքից այն նախարարը, ով առնվազմն ավելի վատ չէր աշխատում քան մյուսները, էլ չեմ քննարկում, որ միանշանակ ավելի լավ էր աշխատում, քան որոշները:
     Մանուկյանի նշանակումը զարմացրեց բոլորիս, այդուհանդերձ նա աշխատեց այնպես, որ ավելի շատ զարմացրեց նրա` աշխատանքից ազատումը: Հուսանք, որ այս գործընթացը կունենա այնպիսի ավարտ, որ մենք ըմբռնումով կմոտենանք Մանուկյանի` աշխատանքից ազատվելուն»:
6844 | 0
Facebook