Ըստ շրջանառվող լուրերի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ մամուլի կենտրոնից ստույգ ոչինչ չասացին` տեղեկացնելով, որ այս պահին նախաքննություն է իրականացվում և հույս հայտնեցին, որ այն կտա ցանկալի արդյունք: Մեր ճշտող հարցին, թե խոստովանանք եղե՞լ է Հենրիկ Ավագյանի կողմից, դժվարացան պատասխանել:
Հիշեցնենք` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով երեկ ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ -74» տեսակի 5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում: