Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավանանքի հարցում երեխաներին ճիշտ ուղու վրա դնելը նաև դպրոցի խնդիրն է, իսկ ի՞նչ գիտելիք է տալիս այսօր դպրոցը. Ալեքսանդր Ամարյան

16:21, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Դավանանքի հարցում երեխաներին ճիշտ ուղու վրա դնելը նաև դպրոցի խնդիրն է, իսկ ի՞նչ գիտելիք է տալիս այսօր դպրոցը. Ալեքսանդր Ամարյան

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի տեղեկացմամբ, Հայաստանում աղանդներ շատ կան, բայց քայքայիչ աղանդները շատ քիչ են: Քայքայիչ են համարվում աղանդները, որոնք մարդուն տանում են զոմբիացման: «Այդ ժամանակ մարդու ուղեղը լրիվ անջատված է լինում, նա չի գիտակցում, թե ինչ են իրեն մատուցում, ուսուցանում»,- բացատրեց Ամարյանը, ում կարծիքով մեր ղեկավարությունը պետք է համապատասխան մասնագետներ պատրաստի, ինչը չի անում. «Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ չունենք դատարաններ, որտեղ քննվեն կրոնական հողի վրա կատարված սպանությունները, դեպքերը: Հոգևոր դաշտը շատ խորն է և պետական մարմինների համար անհասկանալի… Մենք չունենք տեղեկատվություն, իրազեկված չենք շատ բաներից, ապրում ենք վախի մթնոլորտում: Հայաստանում պետք է ստեղծել անկախ մի կենտրոն, որը մարդկանց կտրամադրի տեղեկատվություն, որպեսզի նրանք իմանան, թե ուր են գնում և ինչ հետևանքներ կարող է լինել»,- ասաց նա:
     Բանախոսը նշեց, որ Հայաստանի ճամբարները հոգեորսության վայր են: Նրա խոսքով` Հայաստանում ընդամենը երեք ճամբար ունենք, որոնք պետական հիմուքներով են աշխատում, իսկ մնացածը` հատուկ նպատակով են գործում: «Մեր առաքելական եկեղեցին սկսել է ակտիվ գործունեություն ծավալել, բայց շատ ուշացումով` քսան տարի անց, երբ աղանդներն իրենց գործն արդեն արել են»,- նկատեց Ա. Ամարյանը` հիշեցնելով, որ երեխաներին դավանանքի հարցում ճիշտ գիտելիքներ, ճիշտ ուղու վրա դնելը ոչ միայն եկեղեցու խնդիրն է, այլև ընտանիքի, դպրոցի: «Իսկ դպրոցներում կրթություն չկա: Դուք ուսումնասիրել եք` դպրոցուներում ինչ գիտելիք են տալիս: Մեր դպրոցներում երեխաներին հետաքրքում է շքեղ մեքենան, հագուստը, փողը, աղջիկներին` տղաները, տղաներին` աղջիկները, հեռախոսներն ու այլն: Եթե դպրոցի դասատուն չգիտի ով է գալիս իր դասին, ով չի գալիս, էդ երեխայից ի՞նչ եք պահանջում: Դասատուն չի ճանաչում իր աշակերտին, ի՞նչ եք ուզում»,- ասաց նա:

3186 | 1
Facebook