Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ն լքելու ցանկություն չունի, մյուսների տրամադրության և ցանկության մասին ոչինչ ասել չի կարող

14:00, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ն լքելու ցանկություն չունի, մյուսների տրամադրության և ցանկության մասին ոչինչ ասել չի կարող
     Երկու օր է լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ պատրաստվում են լքել ԲՀԿ շարքերը և անդամագրվել նորաստեղծ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, որը ղեկավարում է նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Ըստ այդ լուրերի, ԲՀԿ-ականների՝ խմբակցությունից հեռանալու գործում խառն է իշխանության «մատը»: Վերջիններն ամեն կերպ փորձում են պառակտել խմբակցությունը և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում: Ըստ շրջանառվող լուրերի, «Ալյանս»-ին միանալու հավակնություն ունեն ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը տեղեկատվությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել վերը նշված անձանց հետ: Էլինար Վարդանյանի և Մարտուն Գրիգորյանի հետ զրուցել չհաջողվեց: Մեր թղթակցի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը զարմանք հայտնեց նման լուրերի տարածման համար. «Ես նույնպես քիչ առաջ մամուլից տեղեկացա այդ մասին: Կարճ կասեմ՝ ես նման ցանկություն չունեմ: Իսկ թե ինչ տրամադրություն և ցանկություն ունեն մյուսները, չեմ կարող պատասխանել»:
     Հարցին` եթե տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, ապա, որտեղի՞ց են լրատվամիջոցները նման լուրերը վերցնում, ասաց. «Դուք պարզեք, թե որտեղից են նման տեղեկություններ և վերլուծություններ անում»:
3096 | 1
Facebook