Խնդրում ենք սպասել...

Համացանց

Առաջարկում եմ կնքել ուժ կիրառելուց հրաժարվելու համաձայնագիր. Ա. Ղուկասյան

21:01, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Առաջարկում եմ կնքել ուժ կիրառելուց հրաժարվելու համաձայնագիր. Ա. Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը.
    
     Որպես արձագանք Վալերի Օսիպյանի այսօր առավոտյան հնչեցրած առաջարկին, իմ կողմից ոստիկանությանը և ցուցարարներին առաջարկում եմ կնքել ուժ կիրառելուց հրաժարվելու մասին գրավոր համաձայնագիր։
    
     ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
     ուժ կիրառելուց հրաժարվելու մասին
     Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Բաղրամյան պողոտան արգելափակած ցուցարարների, մի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, մյուս կողմից, 2015թ․ հուլիսի 5-ին Երևան քաղաքում, Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի դիմաց կնքեցին ուժ կիրառելուց հրաժարվելու մասին սույն համաձայնագիրը․
    
     1. ՀՀ Կառավարությունը հարգանքով է վերաբերվում Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների՝ փողոցը արգելափակելու իրավունքին և զերծ է մնում այդ խաղաղ նստացույցը ցրելու համար ոստիկանական ուժ կիրառելուց։
    
     2. Ցուցարարներն անվերապահորեն ենթարկվում են սահմանադրական պահանջին, որն է պահպանել իրենց հավաքի խաղաղ բնույթը։
    
     3. Ցուցարարներն արգելափակելու են Բաղրամյան պողոտան մինչև ՀՀ քաղաքացիների կողմից առաջ քաշած և հանրային աջակցություն ստացած բոլոր պահանջների լիարժեք կատարումը։
    
     4. ՀՀ ոստիկանությունը կարճում է ՀՀ ՔՕ 185 հոդվածի 3 մասի 1 կետով «Սանիտեք» ընկերության բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը, ՀՀ ՔՕ 42, 46 հոդվածների պահանջների համաձայն։
    
     5. Ցուցարարները՝ «Սանիտեք» ընկերությանն են վերադարձնում վերջինիս պատկանող, ցուցարարների և ոստիկանության միջև որպես բաժանարար գիծ հանդիսացող աղբամանները։
    
     6. Ոստիկանությունը՝ բաժանարար գծի պահպանման համար ցուցարարներին է տրամադրում աղբարկղներին համարժեք ֆիզիկական հատկություններ ունեցող մետաղական կոնստրուկցիաներ։
    
     7. Ցուցարարները շուրջօրյա խաղաղ նստացույցը իրականացնում են 6 (վեց) ժամանոց հերթափոխով՝ ապահովելով նստացույցի վայրում առնվազն 100 (հարյուր) քաղաքացու մասնակցություն։
    
     8. Բաղրամյան պողոտայի արգելափակման հետևանքով հարակից շենքերում բնակվող քաղաքացիների սահմանափակված իրավունքները վերականգնելու համար, խաղաղ նստացույցը տեղափոխվում է Բաղրամյան պողոտայի ՀՀ Ազգային Ժողովին հարող հատվածը։
    
     9. Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նստացույցի նոր վայրում ոստիկանության կողմից բաժանարար գծեր կազմակերպելուց և ցուցարարների նոր վայր տեղափոխվելուց հետո։
    
     10. Ցուցարարները դադարեցնելու են Բաղրամյան պողոտայի արգելափակումը, եթե Երևան քաղաքի բնակիչների 25 (քսանհինգ) տոկոսը գրավոր պահանջ ներկայացնեն ցուցարարներին՝ Բաղրամյան պողոտայում տրանսպորտային երթևեկության մասին։ Նման պահանջի բացակայության դեպքում Բաղրամյան պողոտան արգելափակված է լինելու առնվազն մինչև 2015թ․ օգոստոսի 1-ը։
    
     11. Ոստիկանության կողմից սույն համաձայնագրի որևէ կետի չկատարման դեպքում, ցուցարարները իրենց իրավունք են վերապահում Երևան քաղաքում արգելափակել առնվազն 6 (վեց) փողոց։
    
     12. Ցուցարարների կողմից խաղաղ նստացույցի կանոնները խախտելու կամ համաձայնագրի 7-րդ կետի պահանջը չապահովելու դեպքում, ոստիկանությունը գործում է ՀՀ օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում։
    
     Համաձայնագիրը ստորագրված է՝
    
     Հայաստանի Հանրապետության կողմից՝
     Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցի համակարգող խումբ
    
     Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից`
     ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյան:

Որպես արձագանք Վալերի Օսիպյանի այսօր առավոտյան հնչեցրած առաջարկին, իմ կողմից ոստիկանությանը եւ ցուցարարներին առաջարկում ...

Posted by Andrias Ghukasyan on 4 Հուլիս, 2015
4006 | 1
Facebook