Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել եք երեխաներին ոստիկանությունի՞ց պաշտպանեք». գնդապետ Նելլի Դուրյանի շրջայցը հարուցեց ցուցարարների բուռն դժգոհությունը

20:16, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
«Եկել եք երեխաներին ոստիկանությունի՞ց պաշտպանեք». գնդապետ Նելլի Դուրյանի շրջայցը հարուցեց ցուցարարների բուռն դժգոհությունը
     Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում շրջայցի էր եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա փորձում էր ստուգել՝ կան արդյոք տարածքում անչափահաս երեխաներ, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը: Լրագրողների և ներկաների հարցին՝ ումից եք ուզում պաշտպանել երեխաներին, ոստիկանների՞ց, Նելլի Դուրյանը պատասխանեց. «Ոստիկանությունն այստեղ է երեխաներին ու ցուցարարներին պաշտպանելու համար»:
     Նա կոչ արեց նաև ծնողներին, որ երեխաներին չբերեն այստեղ՝ մանկասայլակներով, օրորոցներով, չմնան ամբողջ գիշեր, որովհետև դա հղի է վտանգներով: Նրան դարձյալ հակադարձեցին՝ այսինքն վտանգ կարելի է սպասել ոստիկանությունի՞ց:
     Բավականին լարված զրույցի ընթացքում ցուցարարները հիշեցրեցին, որ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների ջրցաններից ու մահակներից տուժեցին նաև երեխաները, այդ ժամանակ ուր էիք, գայիք, ոստիկանի ձեռքերից երեխային պաշտպանեիք: Նելլի Դուրյանն էլ պատասխանեց, որ ոչ մի դեպքում անչափահաս երեխան առավոտյան ժամը 6-ին իրավունք չունի լինել դրսում: «Ես եմ, իմ երեխայի հետ եկել եմ նրա ապագայի համար պայքարելու, ո՞ւմ ինչ գործն ա, ամեն ինչը թանկացնում եք, երեխեքն ստիպված գնալու են գողություն անեն, դուք էլ բռնեք դատեք, էդ մենք ենք այստեղ երեխաների պաշտպանության համար հավաքվել, երբ որ ոստիկանը մահակով աղջիկ երեխու մեջքին ա հարվածում, բժիշկն էլ գալիս մեջքին խփում ա, ասում բան չկա, վեր կաց գնա, բա էդ ժամանակ գայիք, երեխաների պաշտպանությամբ զբաղվեիք» և այլ բացականչություններով:
     Ներկաներն ասացին նաև, որ այստեղ բոլոր անչափահասներն ապահով են և ոստիկանության պաշտպանության կարիքը չունեն:
6613 | 4
Facebook