Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսուհետ իշխանություններն ավելի զգոն կլինեն իրենց որոշումներում». Արքմենիկ Նիկողոսյան

16:20, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
«Այսուհետ իշխանություններն ավելի զգոն կլինեն իրենց որոշումներում». Արքմենիկ Նիկողոսյան

«Մենք բազմիցս ականատես եղանք, թե ինչպես քաղաքական գործիչները, շահարկելով ժողովրդի հույզերը, հասան իրենց անձնական նպատակներին: Այն պահին, երբ ժողովուրդը կհասկանա, որ նպատակն իր խնդիրների լուծումն է, սեփական նախաձեռնությամբ կգա հրապարակ»,- այս կարծիքին է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով` մի շարք պատճառներ կան Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքները հաջողված համարելու.

«Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ հանրահավաքն առանց քաղաքական առաջնորդների էր: Մեր երեք` այսպես կոչված` քաղաքական առաջնորդներն էլ ժողովրդին բերեցին, լցրեցին հրապարակները, շահարկեցին նրանց հույզերն ու զգացմունքները և լուծարեցին»,- ասում է Արքմենիկն, ում համոզմամբ` երիտասարդությունն այդ ամենից հիասթափված էր:

«Ես միշտ երազում էի, որ լինի ինքնաբուխ շարժում, երբ նպատակը չի կորոշվի կուլիսներում, ներքաղաքական առք ու վաճառքի մեջ, այլ` հասարակությունն ինքը կգա այդ գիտակցությանը, թե ինչի համար և ինչպես պետք է պայքարել»,- նշում է գրականագետը:

Արքմենիկ Նիկողոսյանը համոզված է, որ այս մի քանի օրերի հավաքները շատ բան են փոխել մեր երկրում: «Անկախ այն բանից` ինչ որոշում, ի վերջո, կկայացնի մեր իշխանությունը, այս մի քանի օրերի զարգացումները կփոխեն մեր երիտասարդների մտածելակերպը»,- վստահ է Արքմենիկը:

Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, գրականագետը կարծում է, որ այսուհետ իշխանություններն ավելի զգոն կլինեն իրենց որոշումներում:

3431 | 0
Facebook