Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այս շարժումն, ըստ էության, ձեռնոց էր նետել պուտինյան սուրբ սրբոցին, այն հսկա միջազգային կոռուպցիոն համակարգին, որի ճյուղերից մեկն էլ «Ինտեր ՌԱՕ»-ն է. Դավիթ Շահնազարյան

03:03, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Այս շարժումն, ըստ էության, ձեռնոց էր նետել պուտինյան սուրբ սրբոցին, այն հսկա միջազգային կոռուպցիոն համակարգին, որի ճյուղերից մեկն էլ «Ինտեր ՌԱՕ»-ն է. Դավիթ Շահնազարյան

Կեսգիշերն անց Բաղրամյան պողոտայում էր նաև ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու այսօր քիչ մարդ կա, ինչու է առաջվա թափը նվազել, նա ասաց. «Եկեք առաջինը նշենք արդյունքները, որոնց հասել են ցուցարարները, նախաձեռնող խումբը, բոլոր մասնակիցները: Արդյունքներն աննախադեպ են: Առաջինը՝ փոխվել է քաղաքական իրավիճակը, ինչքան էլ բոլորն ասում են, թե սա քաղաքական ցույց չէ: Սա ապացուցեց այն, ինչի մասին շատերն ասել են՝ Հայաստանի քաղաքական ողջ համակարգը պատրաստ չէ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին: Երիտասարդների այս նախաձեռնությունն ապացուցեց, որ իրոք, կա մի հզոր երիտասարդության շերտ, որը պատրաստ է այդ մարտահրավերներին:

2-րդ արդյունք. կարծես թե ռուսական հեռուստատեսություններից մեկն ասաց՝ բողոքն ընդամենը սակագնի դեմ է, և ավելի պրոզայիկ ոչինչ լինել չի կարող: Բայց, չգիտես ինչու, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը հենց ինքն սկեց արագ արձագանքել, որոշեցին Պերմյակովի գործի քննությունը հանձնել հայկական կողմին, պաշտոնական աղբյուր չեմ տեսել, բայց շատ տեղերում եմ կարդացել, որ Հրաչյա Հարությունյանին են արտահանձնում Հայաստան:

Հանկարծ ռուսը հիշեց, որ ինքն այնքան է զինել Արբեջանին 5 միլիարդով, որ վարկ տրամադրեց Հայաստանին 200 միլիոնի չափով՝ զենք գնելու համար:

3-րդ արդյունք. այն, որ կասեցվել է և բյուջեից պետք է վճարվի (թեև ինչ է նշանակում՝ բյուջեից պետք է վճարվի, սա առանձին հարց է), նաև՝ աուդիտը: Սրանք լրջագույն ձեռքբերումներ են, որոնք վերջին մեկուկես տասնամյակում չի կարողացել գրանցել և ոչ մի քաղաքական ուժ: Եվ ցանկացած քաղաքական ուժ, եթե այս հաջողություններից որևէ մեկին հասներ, դա կներկայացվեր որպես աննախադեպ հաղթանակ, սակայն, ցավոք սրտի, այս ամեն ինչը արձանագրելուց հետո նախաձեռնողները պատրաստ չէին դրան: Սակայն դա կարևոր չէ, մեծագույն արդյունքների են հասել:

Նայեք, արդյունք է նույնիսկ այն, որ լարվածություն չկա ոստիկանների և ցուցարարների միջև, անգամ փոքր հարցերով համագործակում են: Այսինքն, լուրջ հիմքեր են ստեղծվել: Հիմա արդեն իշխանություններինն է գործելու հերթը:

Ես համարում եմ, որ դեռ շարունակում է առկա լինել բռնության վտանգը, քանի որ Ռուսաստանը շարունակում է փորձեր անել, ինչը երևում է նրանց մամուլից, որն իրենց քաղաքականության արտացոլումն է, որ այստեղ տեղի ունենա ուժային սցենար, ուժի կիրառում, որը Հայաստանը կշպրտի դեպի անդունդ: Ու դա շատ լավ հասկանում են մեր իշխանությունները: Ենթադրենք, այստեղից ուժ գործադրելով դուրս շպրտվեցին, տասնապատիկ, քսանապատիկ կհավաքվեն այլ վայրերում: Ի՞նչ պետք է անի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի պես զո՞րք մտցնի քաղաք: Ոչ, իշխանությունը շատ լավ հասկանում և չի գնա այդ քայլին, եթե իհարկե Մոսկվայի կողմից գերհզոր ճնշում չլինի, հուսամ, որ չի լինի: Կարող են լինել լուծումներ, որտեղ պարտվողներ չլինեն, և հաղթի Հայաստանը: Անկախ նրանից, որ մենք ամեն ինչ, ընդհուպ մինչև տնտեսական անվտանգությունը, հանձնել ենք օտարներին, ինչը ռուսը շատ լավ հասկանում է, հուսով եմ, որ հաղթողը կլինի Հայաստանի Հանրապետությունը»:

Ինչո՞ւ Ռուսաստանն արագ արձագանքեց հարցին Շահնազարյանը պատասխանեց. «Ռուսաստանի վախը շատ ավելի մեծ էր, իրականում սա 100 տոկոսանուց քաղաքական պահանջ էր և լրջագույն վտանգ պուտինյան կոռուպցիոն համակարգին: Սա շատ ցավոտ էր Ռուսաստանի համար, որովհետև իրենք հասկանում են, որ շարժումն, ըստ էության, ձեռնոց էր նետել պուտինյան սուրբ սրբոցին, այդ հսկա միջազգային կոռուպցիոն համակարգին, որի ճյուղերից մեկն էլ ամբողջովին Հայաստանի էլեկտրացանցերն են՝ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը պատկանում է Սեչինին, իսկ Սեչին, թե Պուտին՝ որևէ տարբերություն չկա: Նրանք այդ վտանգը միանգամից զգացին, ու հարցն այստեղ Հայաստանի իշխանությունների փոփոխության վտանգը չի, այլ շատ ավելի մեծ է: Ռուսաստանն էլ հասկացավ, որ կան Հայաստանում ՀՀ քաղաքացիներ՝ այս երիտասարդությունը, որ վերանվաճելու է մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը: Սա հզորագույն երևույթ է, մի հուսահատվեք, որ այսօր քիչ են հավաքվածները, խնդիր չէ, Հայաստանում իրավիճակ է փոխվել արդեն, իշխանություններն էլ, Ռուսաստանն էլ դա շատ ավելի լավ են հասկացել, քան այս երիտասարդները, որ դեռևս չեն հասկանում, թե ինչ արդյունքների են հասել:

Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանը կհրաժարվի այնպիսի քաղաքական լծակից, ինչպիսին ՀԷՑ-ն է, որն իր պետական ընկերությունն է և այստեղ իրականացնում է քաղաքական շահերի պաշտպանություն, սա բիզնես ընկերություն չէ: Ռուսաստանն անընդհատ փորձում է Հայաստանում ոչնչացնել անգամ փոքր ազատություններն, ինչպես ԵՏՄ բոլոր երկրներում և մեր կարգավիճակը մոտեցնել Ադրբեջանի կարգավիճակին: Խոսքն այն բարոյական-քաղաքական առավելության մասին է, որ այսօր մենք ունենք Ադրբեջանի նկատմամբ: Մենք, իհարկե, շատ դժգոհ ենք մեր վիճակից, բայց եկեք Ադրբեջանի հետ չհամեմատվենք:
     Այս երիտասարդությունը հասավ նրան, որ իշխանությունն ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի իր հետ»:

4255 | 0
Facebook