Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր խնդիրը հարթակում լինելը չէ, մեր խնդիրը պայքարելն է». «Ոʹչ թալանին»-ը կկանգնի ժողովրդի կողքին` Բաղրամյանում, և կպայքարի

14:40, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
«Մեր խնդիրը հարթակում լինելը չէ, մեր խնդիրը պայքարելն է». «Ոʹչ թալանին»-ը կկանգնի ժողովրդի կողքին` Բաղրամյանում, և կպայքարի
     «Ոʹչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց իր հետագա անելիքները: Նախաձեռնության համակարգող անդամ Արթուր Քոչարյանը նշեց, որ ի սկզբանե Վաղինակ Շուշանյանը չկարողացավ մարդկանց բացատրել իրենց որոշման մասին: «Մարդկանց կողմից լավ չհասկացվեց այդ ամենը: Իսկ երբ մենք ժողովրդից կարծիքներ հարցրեցինք, թե ուր են ուզում գնալ` Ազատության հրապարակ, թե՞ մնալ Բաղրամյան պողոտայում, այդ ժամանակ պարզվեց, որ ժողովրդի մի մասը ուզում է մնալ, մյուս մասը` գնալ: Այսինքն` կարծիքները երկու մասի բաժանվեցին: Այդ իսկ պատճառով` մենք մի մասի հետ գնացինք Ազատության հրապարակ»,- բացատրեց նա` հավելելով, որ իրենց համակարգող խումբն այս պահին զբաղված է մարզերի բնակիչների հետ աշխատանք տանելով: Նախաձեռնության մեկ այլ անդամ` Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ Բաղրամյանում գտնվելու ժամանակ հասկացան, որ միայն փողոց փակելով արդյունքի չեն հասնելու: Իսկ թե ինչ քայլեր են ձեռնակելու մոտ ապագայում, խոստացավ, որ հանրությունը շուտով դրանց կծանոթանա: «Ամենևին, սա պառակտում չէ: Դա ժողովրդի գնահատականն է, որը ճիշտ չէ: Սա ոչ թե պառակտում էր, այլ հետագա քայլերի քննարկում` չսխալվելու համար, որպեսզի լինի համակարգված, գրագետ աշխատանք»,- ասաց նա:
     Նախաձեռնության մյուս անդամ Արթուր Չիբուխչյանն էլ նշեց, որ կարծիքներ կան, թե իրենց բավարարել է Սերժ Սարգսյանի աուդիտ անցկացնելու որոշումը: «Դա այդպես չէ, մեզ չի բավարարել այդ որոշումը, մենք պարզապես պետք է փոխենք մեր մարտավարությունը և հասնենք մեր նպատակին»: «Ոʹչ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց, որ որպես շարքային քաղաքացի` գնալու են Բաղրամյան պողոտա, կանգնելու են ժողովրդի կողքին և շարունակելու են իրենց պայքարը. «Մեր խնդիրը հարթակում լինելը չէ, մեր խնդիրը պայքարելն է,»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը: Ասուլիսի մասնակիցները տեղեկացրեցին, որ Ազատության հրապարկում նստացույց չի լինելու այլևս. «Այնտեղ կլինենք միայն քննարկումներ անելու համար: Եթե մենք կանգնում ենք Բաղրամյանում, շաբաթներով փակում պողոտան ու իշխանությունը ձայն չի հանում, ինչի՞ կհասնենք: Այնտեղ կանգնելով` մարդիկ, ի վերջո, հոգնում են կանգնելուց և տուն են գնում: Արթուր Քոչարյանի խոսքով` «կարող է հենց վաղը գնանք և էլի փակենք այդ պողոտան ու դա կդառնա սովորական բան, բայց մեզ պետք չէ, որ այդ փողոցը փակելը սովորական երևույթ դառնա: Մեզ պետք է, որ Բաղրամյան փակելն ուժեղ զենք դիտվի»: Նրանք հայտնեցին, որ այս պահին իրենց նախաձեռնությունը մասնագետների, տնտեսագետների, իրավաբանների հետ քննարկում է խնդիրը. «Նրանց անունները չենք տա, կգա ժամանակ, կիմանաք»,- բազմանշանակ ասաց բանախոսը:
5117 | 1
Facebook