Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարը վստահեցնում է, թե շտեմարանների գիտելիքները բավարար են բուհ ընդունվելու համար, դիմորդները հակառակն են պնդում

10:16, չորեքշաբթի, 10 հունիսի, 2015 թ.
ԿԳ նախարարը վստահեցնում է, թե շտեմարանների գիտելիքները բավարար են բուհ ընդունվելու համար, դիմորդները հակառակն են պնդում

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է պնդել, որ շտեմարանների ներմուծումը կրթական համակարգ թույլ տվեց երեխաներին առանց պարտադիր մասնավոր պարապմունքների, առանց կրկնուսույցների մոտ պարապելու, բուհ ընդունվել: Այդ մասին նա ասաց նաև երեկ` ԵՊՀ-ում ֆիզիկայի միասնական քննության ժամանակ՝ մի քանի անգամ շեշտելով, որ շտեմարանների մեխանիզմը հեշտացրել է երեխաների աշխատանքը. «Շատ դիմորդներ նույնիսկ փաստում են, որ շտեմարանների գիտելիքներով կարող են ընդունվել»,- ասաց նա:
     Սակայն այլ բան է փաստում իրականությունը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում դիմորդների ծնողները նշեցին, որ առանց մասնավոր պարապմունքների հնարավոր չէ բուհ ընդունվել: «Էդ նախարարն է ասո՞ւմ: Տղաս երկու առարկա է պարապել` կենսաբանություն և մաթեմատիկա: Գերազանցիկ երեխա է, բայց առանց պարապելու ընդունվել չէր կարող, քանի որ ուսուցիչներն ասում էին, որ կան հարցեր, որոնք ընդգրկված չեն շտեմարաններում»,- ասաց ծնողներից մեկը:
     «Կենսաբանություն առարկան սկզբում դասախոսի մոտ էր պարապում աղջիկս՝ ամիսը 40 հազար դրամով, բայց գոհ չէր երեխան, չգիտեմ… Փոխեցինք մասնագետին, սկսեց պարապել իր դպրոցի կենսաբանության ուսուցչուհու մոտ՝ ամիսը 30 հազար դրամով և բարձր միավորներ ստացավ»,-ասաց ծնողներից Գայանե Սարուխանյանը:
     Հարցին, թե ինչու հենց սկզբից իր ուսուցչուհու մոտ չէր պարապում, պատասխանեց, որ բոլորը խորհուրդ էին տալիս դասախոսի մոտ պարապել, որպեսզի արդյունք լինի: Իսկ թե կա՞ էական տարբերություն այդ երկու մասնագետների միջև, և, թե ինչու են դասախոսներն ավելի թանկ գնով պարապում, մեր զրուցակիցը կեսկատակ ասաց. «Չէի ասի: Երևի դասախոսի անունն ավելի բարձր է, դրա համար իրենց անվանը համապատասխան գին են ուզում»:
     Ծնողներից Մարինե Նահապետյանը ևս նշեց, որ առանց պարապելու, միայն շտեմարանի գիտելիքներով երեխաները չեն կարող ընդունվել որևէ տեղ: «էդ ասում են, թե էդպես է: Բայց մոտեցեք, ում ուզում եք հարցրեք, ո՞վ է հեչ առանց պարապելու ընդունվում: Շատերը նույնիսկ մի քանի տարի են պարապում: Դպրոցներում ուսուցիչները նույնպես ասում են, թե պարտադիր պիտի պարապեք, առանց դրա հնարավոր չէ»:
     Երեկ` ֆիզիկայի միասնական քննությունից առաջ մեր թղթակցի հետ զրույցում Մերին վստահեցրեց, որ միայն շտեմարանը բավարար չէ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար: «Ամսական 35 հազար դրամով 1 տարի ֆիզիկա եմ պարապել: Ես, քանի որ մի փոքր թույլ էի այդ առարկայից, ստիպված պարապեցի, որ հասցնեմ»,- ասաց նա, ով իր խոսքով գերազանց է ավարտել դպրոցը և այժմ երկու ֆակուլտետի համար է պայքարում:
     Երևանաբնակ դիմորդներից շատերը նշում էին, որ մարզերում մասնագետներն ավելի մատչելի գներով են պարապում: Օրինակ, դիմորդ Արմենը, ով Գավառի բնակիչ է, նշեց, որ 8 ամիս շարունակ ամսական 25 հազարով է կրկնուսույցի մոտ պարապել: Նա վստահեցրեց, որ ավելի էժան պարապողներ էլ կան՝ կախված նրանից, թե ով է մասնագետը:

5664 | 0
Facebook