Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչև 30 միլիոն դրամ կծախսվի տոնական միջոցառումների համար». մեկնարկում է «Երևանյան ամառ 2015»-ը

17:15, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«Մինչև 30 միլիոն դրամ կծախսվի տոնական միջոցառումների համար». մեկնարկում է «Երևանյան ամառ 2015»-ը

Հունիսի 1-ից կմեկնարկեն «Երևանյան ամառ 2015» ծրագրի տոնական միջոցառումները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 31-ը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն տոնական համերգներ ու միջոցառումներ, ցուցահանդեսներ և երեկոներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ազատության հրապարակում կանցկացվեն մանկական խաղեր, երեխաները կզբաղվեն կավանկարչությամբ: Մանկական երկաթուղին այդ օրը մինչև 14:00-ը, իսկ «Հաղթանակ» զբոսայգու կարուսելները մինչև 13:00-ն անվճար կլինեն երեխաների համար»,- նշեց Արամ Սուքիասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա տոնական հրավառություն: «Միջոցառումներ կանցկացվեն նաև Հյուսիսային պողոտայում և Կարապի լճի տարածքում: Քաղաքապետարանում կբացվի լուսանկարչուհի Աննա Մանասարյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված մանուկներին»,- ասաց Արամ Սուքիասյանը: Նրա փոխանցմամբ` կանցկացվեն նաև առողջապահական ծրագրեր:

«Սրտանոթային հիվանդություններ ունեցողները հնարավորություն կունենան անվճար հետազոտվել օգոստոսի 1-15-ը: Ինչպես նաև` ամռան ընթացքում, յուրաքանչյուր շաբաթ որոշ թանգարաններ կգործեն անվճար»:

Այս միջոցառումների իրականացման համար` ըստ Արամ Սուքիասյանի, կծախսվի մոտ 30 միլիոն դրամ: Իսկ տոնական միջոցառումները կեզրափակվեն օգոստոսի 31-ին` «Ցտեսություն, ամառ» խորագիրը կրող միջոցառմամբ:

3815 | 0
Facebook