Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահը կոչ է անում Արման Գալստյանին միանալ իրենց

16:55, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահը կոչ է անում Արման Գալստյանին միանալ իրենց
     «Արդեն երկու շաբաթ է անցել, ինչ մենք 20 վարորդներով ներկայացել էինք Տրանսպորտի նախարարություն, որտեղ նախարարն արտասահմանից ուղիղ հեռախոսակապով խոստացավ, որ հենց վերադառնա` կընդունի մեզ, բայց փաստորեն մինչ օրս չի ընդունել»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Մեր թղթակիցը Տ. Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի` օրերս արած հայտարարությունը, թե «շատ մարդիկ գիտեն, որ անհատ տաքսիստների խնդիրների մեջ կան հորինված խնդիրներ»: «Եթե նա մեզ չի ընդունել, չի լսել, այսպես հեռվից ինչպե՞ս կարող է մեկնաբանել, թե մեր խնդիրները հորինովի են, լուրջ չեն: Նա միայն լսել է «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանին և Արման Գալստյանին: Հովհաննիսյանը նշեց, որ իրենք` վարորդները, ցանկանում են, որպեսզի կազմակերպվի կլոր սեղան, որտեղ ներկա կլինի ոչ միայն Արման Գալստյանն, այլև տարբեր ՀԿ ներկայացուցիչներ, կազմակերպություններ և բոլորի ներկայությամբ կքննարկվեն իրենց հուզող հարցերը: Հարցին, թե հնարավո՞ր է Արման Գալստյանը կաշառված լինի նախարար Բեգլարյանի կողմից, հատկապես, երբ վերջին շրջանում նա խուսափում է ավտովարորդներից և հակառակ քայլերի է գնում, Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարող ասել, բայց վերջերս նա սկսել է տաքարյուն արտահայտություններ թույլ տալ մեր հասցեին, ինչ-որ աշխուժացել է: Վարորդները ենթադրում են, որ նրա այդ պահվածքը Բեգլարյանի հետ կապ ունի: Ակնհայտ է` նախարարությունը Արմանին հանում է մեր ՀԿ-ների դեմ, հրահրում է, ինչում մենք մի փոքր մտահոգված ենք… Այդ հրահրումը վտանգավոր է մեր բոլորի համար: Կարծում եմ` հենց դա է պատճառը, որ նախարարությունում չեն ընդունում մեզ»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահը և կոչ արեց Արմանին միանալ իրենց: «Արման Գալստյանն աստղային հիվանդությամբ է այսօր տառապում: Կոչ ենք անում իրեն` վերադառնալ վարորդների խումբ, ընդունվել հասարակական կոլեկտիվ և ամեն հարց կոլեկտիվում քննարկենք»:
     Հիշեցնենք` անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանը հանդիպել էր ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ և քննարկել մի շարք հարցեր, ինչը հարուցել էր ավտովարորդների զայրույթը: Այդ հանդիպումից հետո վերջինները հայտարարեցին, որ Արմանը լիազորված չի եղել իրենց կողմից և նախարարի հետ խոսել է կոնկրետ այն խնդիրներից, որոնք ամենաքիչն են իրենց հուզում:
5626 | 2
Facebook