Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Բոստանջյան. «Մենք` քաղաքացիներս, իրավունք ունենք հարցնելու` ո՞ւր են գնացել այդ գումարները»

14:33, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Վարդան Բոստանջյան. «Մենք` քաղաքացիներս, իրավունք ունենք հարցնելու` ո՞ւր են գնացել այդ գումարները»
     «Ասում են` վատ կառավարման հետևանք է, ասում են` հիմնավորված է: Ի՞նչ վատ կառավարման մասին է խոսքը: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվել համակարգին ուղղված գումարների հետ: Դրանք փոշիացվել են, իսկ հիմա համակարգն արդիականացնելու համար բյուջեում ֆինանսական միջոցներ այլևս չկան, բացակայում են, ուստի միակ տարբերակը մնում է բնակչությունից ստանալ` բարձրացնելով հոսանքի սակագինը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` կարծիք հայտնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի անկախատեսելի հետևանքների, քանզի աղքատության մակարդակը Հայաստանում շատ բարձր է: Տնտեսագետը միանշանակորեն համամիտ է, որ պետք է նորացնել համակարգը, նույնիսկ անհրաժեշտություն է համարում դա, «քանի որ էներգահամակարգերն ամբողջ աշխարհում ինժեներական ամենաբարդ համակարգերն են», սակայն չի ընդունում, որ պետք է արվի բնակչի հաշվին: «Սա նշանակում է` առանց այն էլ աղքատ հասարակության մեջ գների բարձրացում, մանվանդ որ էլեկտրաէներգիան օգտագործվում է հանրապետության բոլոր ծայրամասերում և արտադրամասերում»,- նկատեց բանախոսը:
     Հարցին` եթե ժողովուրդը, ի վերջո, չկարողանա վճարել, ի՞նչ լուծումներ կարելի է կիրառել, պատասխանեց, որ այնպիսի խնդիր չկա, որ լուծում չունենա. «Մենք` քաղաքացիներս, կարող ենք մեկ անգամ ևս մեր գոտիները ձգել և նպաստել մեր համակարգի առողջացմանը, սակայն մենք բոլորս իրավունք ունենք հարցնելու` ո՞ւր են գնացել այդ գումարները: Մի տեղ մտածում ես` ոչինչ, էսքան դիմացել ենք, եկեք սրան էլ դիմանաք, բայց արդյոք այդ միջոցները կուղղվե՞ն խնդրի լուծմանը, որտեղի՞ց մեզ այդ երաշխիքը կամ հավատը: Դա է պատճառը, որ այսօր հայտնվել ենք կոտրված տաշտակի առաջ»:
     Իսկ թե էլեկտրաէներգիայի սակագնի դեմ անցկացվող բողոքի ցույցերով հնարավո՞ր է կանխել սակագնի բարձրացումը, տնտեսագետն ասաց, որ ոչինչ չի բացառում: «Իհարկե հնարավոր է: Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում մարդիկ կարող են համակերպվել, բայց դա մինչև մի պահ, և երբ գալիս է այդ «պահը», դրանից հետո այլևս չեն կարողանում համակերպվել, քանի որ այլևս հնարավոր չէ: Հիմա մենք այդ վիճակում ենք: Ես չեմ ուզում վերցնել ինձ վրա նման ծանրաբեռնվածություն և ասել, որ այո, տեղի կունենա հեղափոխություն, բայց ամեն ինչ հնարավոր է»,-կանխատեսեց Բոստանջյանը:
     Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սակագնի թանկացման հայտ է ներկայացրել հանձնաժողով, որով առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամը թանկացնել ավելի քան 17 դրամով՝ 41,85 դրամից հասցնելով 58,93 դրամի, իսկ գիշերային սակագինը՝ 31,85 դրամից 48,93 դրամի:
3560 | 1
Facebook