Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վալերի Օսիպյան. «Էդ մե՛ր շնորհիվ բախում չեղավ»

15:16, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Վալերի Օսիպյան. «Էդ մե՛ր շնորհիվ բախում չեղավ»
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում անցկացված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված բողոքի երթին, նշեց, որ ամեն ինչ ավելի արդյունավետ կլինի, եթե 3000-4000 քաղաքացու փոխարեն հրապարակ դուրս գան կրկնակի թվով մարդիկ. «Ա՛յ, եթե ժողովրդի թիվը հասնի, ասենք, 10 հազարի, չնայած սա էլ վատ չէ, միանշանակ, արդյունք կլինի: Ապրեն բոլորը: Ամեն դեպքում՝ այս կազմակերպվածությունը գովելի է»,- ասաց նա: Երթի ավարտին մեր թղթակիցը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիքի է անցկացված երթի կազմակերպվածության վերաբերյալ: Նա նախ հակիրճ պատասխանեց` «վատ», ապա մանրամասնեց. «Առաջին անգամ եմ տեսնում, երբ երթի կազմակերպիչը ստանձնում է հանրահավաքի քանակի ապահովումը և հորդորում է քաղաքացիներին նստել ճանապարհների երթևեկելի հատվածներին: Եթե նստացույց անելու մեծ ցանկություն ունեիք, խնդիր չկար, կարող էիք այդ մասին նշել ձեր ծրագրերում, որ հրապարակում նստելու եք և, ճիշտ է թեկուզ կարճ ժամանակով, սահմանափակելու երթևեկությունը, որ խոչընդոտ եք հանդիսանալու և այլն»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում ամեն ինչ նորմալ ընթացավ, բախումներ չեղան, Օսիպյանը արձագանքեց. «Էդ մե՛ր շնորհիվ բախում չեղավ, դա մե՛ր աշխատանքի արդյունքն է»:
     Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված՝ «Ո՛չ թալանին» բողոքի երթը, որի ընթացքում լարված խոսակցություն եղավ Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի և ակտիվիստ Վ. Շուշանյանի միջև: Փոխոստիկանապետը նրան զգուշացնում էր, որ Հրապարակում նստացույց անելը հասարակական կարգի խախտում է, որ Շուշանյանը լավ չի կազմակերպել ցույցը:
     Տեղեկացանք, որ հաջորդ հանրահավաքը կլինի հունիսի 19-ին` ժամը 18:00-ին:
6367 | 2
Facebook