Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս լճացումից երկիրը նեխել է, մենք էլ հետը. սրանք կերան մեզ, կաշիներս ու ոսկորներս էլ են ուզում քերեն». ցուցարար

14:30, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
«Էս լճացումից երկիրը նեխել է, մենք էլ հետը. սրանք կերան մեզ, կաշիներս ու ոսկորներս էլ են ուզում քերեն». ցուցարար

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված առաջին հանրահավաք-երթը: Այն անցավ ինչպես ծրագրված էր. մարդկանց հոծ բազմությունն իր երթն սկսեց Ազատության հրապարակից, անցավ Սայաթ Նովա-Աբովյան պողոտաներով (մի փոքր դադար տվեց կառավարության շենքի մոտ` հնչեցնելով բողոքի կոչեր), ապա Ամիրյան պողոտայով շարունակեց երթը` հետդարձ դեպի Ազատության հրապարակ:
     Երթի մասնակիցները ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել գործող իշխանություններից, որոնք ոչինչ չեն անում «ՀԷՑ-ի ախորժակը զսպելու» համար. «Ո՞վ է նրան իրավունք տվել գողի պես մտնելու մեր գրպանը», «Ինչո՞ւ իշխանությունը չի միջամտում», «Ի՞նչ իրավունքով են մարդկանց թափառական դարձնում աշխարհով մեկ», «Ինչո՞ւ այդ հանցագործների երեսից չկարողանանք հանգիստ խղճով մեր հայրենիքում ապրել»,- զայրացած ասում էին նրանք:
     Մեր թղթակիցը քաղաքացիներից հետաքրքվել է, թե ինչպիսի՞ կանխատեսումներ ունեն, ի՞նչ կլինի, եթե, անկախ ամեն ինչից, էլեկտրաէներգիան թանկանա և, այդ դեպքում, կկարողանա՞ն մարդիկ բարձր սակագնով վճարել:
     Ցույցի մասնակից Անահիտ Ստեփանյանի խոսքով, հեշտ կլինի միայն նրանց համար, ովքեր կամ «Հանրապետական» են, կամ այդ կուսակցության հետ բարեկամական, ընկերական հարաբերությունների մեջ են: «Ինչ վերաբերում է ցածր խավի մարդկանց, ովքեր ապրելու հնարավորություն չունեն և թոշակով են իրենց գոյությունը պահպանում, կարծում եմ` ոչ թե դժվարությամբ, այլ ընդհանրապես չեն կարող վճարել այդ գումարը… 74 տարեկան թոշակառու եմ: Ամբողջ ձմեռ հոսանք չօգտագործեցի, ցուրտ սենյակում նստեցի, վերարկուով, տաք հագուստով օրեր անցկացրեցի, հիմա որ թանկացնեն, ո՞նց եմ անելու, բա էներգետիկայի նախարարը չի ամաչո՞ւմ էս վիճակից»,- դժգոհել է նա:
     Ռոզա Հովհաննիսյանն էլ ասել է, որ փողոց է դուրս եկել իր քաղաքացիական պարտքը կատարելու: Արդյունք կտա այս երթը, թե՞ ոչ, նրա խոսքով, այնքան էլ կարևոր չէ: «Ես իմ պարտքն եմ կատարում: Պիտի անենք, չանելով չի լինի: 2008-ից շարժման մեջ եմ, պարտաճանաչ մասնակցում եմ… Էս ամիս 21 հազար դրամ էր գրել էր հոսանքը, 10 հազարը մի կերպ մուծել եմ: Էսօր վերջին օրն ա` կանջատեն, բայց չունեմ, որ մնացածն էլ մուծեմ: 60 տարեկան կին եմ, դեռ թոշակ չեմ ստանում, չգիտեմ` ո՞նց եմ մուծելու: Էլ չեմ ասում, որ հնից էլ 5 հազար պարտք ունեմ, գումարած էս ամսվա 11 հազարը: Գումարներն էլ ամեն ամիս ավելանում են: Ես զարմանում եմ, եթե միշտ անջատած եմ պահում, էդ որտեղի՞ց է ավելանում, չգիտեմ ոնց ապացուցեմ` էդ ե՞րբ վառեցի, որ էդքան գրվեց…»:
     Ռ. Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ եթե իշխանափոխություն լինի, ժողովրդի սոցիալական խնդիրները կլուծվեն: Փոփոխությունը, ըստ նրա, իր դրական կողմը միշտ էլ ունենում է. «Թե չէ` էս լճացած վիճակից երկիրը նեխել է, մենք էլ հետը: Սրանք թալանեցին, կերան մեզ արդեն, կշտում չունեն, կաշիներս ու ոսկորներս էլ են ուզում քերեն… Որ խոսում ես էլ, ձեռք են առնում: Էս տարիքիս չորս ժամ եմ քնում, առավոտ-իրիկուն աշխատում եմ, ավարտած կին եմ` խոհարարություն եմ անում, արդեն ոտքերս էլ չեն աշխատում, մկաններս լրիվ բռնված են, ամբողջ օրը ներվային վիճակ ու ոտքի վրա: Մի գործից պրծնում եմ` անցնում եմ մյուսին, մյուսից` մյուսին, որ գոնե հասցնեմ կոմունալները մուծեմ: Ինչ գործ անում ենք` 50 հազարից չի անցնում: Գալիս, հարկեր են դնում փոքր խանութների վրա, որ ստիպված փակվեն` մենակ իրանց սուպեմարկետները գործեն: Ինչ կա` մենակ իրանց, բա հետո՞»,- գանգատվել է մեր զրուցակիցը` համոզմունք հայտնելով, որ արդեն «երկիրն էլ են իրար մեջ կիսել». «Թե ինչ արիշ-վերիշներ արեցին, չգիտեմ. Երևանը Սերժիկին տվեցին, Ղարաբաղը` Քոչարյանին, դրա համար էլ մայիսի 9-ին Քոչարյանը գնաց Ղարաբաղ, բա գիտեք խի՞ գնաց: Իսկ Լևոնը, որ էդքան կիրթ ու գրագետ մարդ ա, համեստաբար ոչ մի տեղ չի երևում…»:
     Երանուհի Սիմոնյանն էլ այն կարծիքին է, որ «ընդդիմադիրներն ինչքան խոսեն` հաշիվ չի». «Թե մի բան անենք` մենք անենք: Պիտի բոլորով պայքարենք…մարդիկ իրենց տներից դուրս չեն գալիս»,- դժգոհել է 70-ամյա կինը և շարունակել. «Էդ որ ասում են աշխատատեղեր են բացվելու, ո՞ւմ ա պետք, որ մարդկանց աշխատավարձ չեն տալիս, ում հարցնում ես` աշխատացրել, խաբել են»:
     Մասնագիտությամբ շինարար և «ամբողջ կյանքը Ռուսաստանում աշխատած» և ձեռնունայն հայրենիք վերադարձած Աշոտ Գևորգյանը, շատ խնդիրներից բացի, վիրավորական է համարում նաև Սուրիկ Խաչատրյանի պես ղեկավար ունենալու փաստը: Նրա ձևակերպմամբ, իշխանության ղեկին նստածները բոլորը «լիսկաներ են». «Իրենք էլ են լիսկա, բա ի՞նչ են, մնում են իշխանության գլուխ, որ լիսկա բազմացնեն: Ո՞վ չգիտի` խի են դրան պահում, որ ընտրությունների ժամանակ ձայն ապահովի, վախի մթնոլորտ ստեղծի: Իրանց թուլեքն էլ գիտեն, որ իրանց ամեն ինչ կարելի ա, ինչ էլ անեն` չեն պատժվելու...»:
     Խոսելով երկրում սոցիալ-տնտեսական վիճակից, մեր զրուցակիցը մտահոգվել է, որ այսօր տղաները դառնում են 35-40 տարեկան, բայց չեն կարողանում ամուսնանալ. «Մեղք չե՞ն… Միայն իրենց մասին են մտածում, բա էդ երիտասարդնե՞րը: Իրանք էլ կթողնեն, կգնան… Չեն հասկանում, որ իրենց տերը ժողովուրդն է, չեն հասկանում, որ ժողովուրդը միայն իրենց գրպանը լցնելու համար չէ»:

5368 | 14
Facebook