Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«623-ից ընդամենը 33 կին է ունեցել նորմալ ախտորոշում, որը շատ ցավալի թիվ է». այսօր կանանց առողջության համաշխարհային օրն է

13:31, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
«623-ից ընդամենը 33 կին է ունեցել նորմալ ախտորոշում, որը շատ ցավալի թիվ է». այսօր կանանց առողջության համաշխարհային օրն է

Մայիսի 28-ը կանանց առողջության համաշխարհային օրն է: Առողջական ի՞նչ խնդիրներ ունեն հայ կանայք, և ինչպե՞ս ժամանակին կանխարգելել դրանք: Ո՞րն է ամենամեծ խնդիրը գյուղաբնակ կանանց մոտ, և որտե՞ղ է առավել տարածված քաղցկեղի ախտորոշումը:

Այս հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ, ում կարծիքով` կնոջ առողջությամբ է պայմանավորված հասարակության առողջությունը:

«Պակաս կարևոր չէ նաև տղամարդկանց առողջությունը, որոնց բժշկի տանելը, համոզելը շատ ավելի դժվար է: Կանայք ավելի ճկուն են ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ` առողջության»,- վստահ է Խաչանուշ Հակոբյանը: Նրա խոսքով` օրական մոտ 200 այցելու են ունենում: «Մեր վերջին թռուցքաժողովի ժամանակ հաշվարկեցինք, որ 7 օրվա ընթացքում ունեցել ենք 623 այցելու, որից 15-ը չարորակ քաղցկեղ է ունեցել, 63 կին ունեցել է քաղցկեղի բարորակ ախտորոշում, 13 կին` քաղցկեղի կասկածելի ախտորոշում, և ընդամենը 33 կին ունեցել է նորմալ ախտորոշում: Ցավալի թիվ է»,- ասաց Խաչանուշ Հակոբյանն, ում խոսքով` սա խոսում է այն մասին, որ կանայք ունեն խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է տարբեր միջոցառումներ ձեռնարկել:

«Ամենակարևոր փաստը, որ մենք պետք է դարձնենք մեր գիտացության համար շատ կարևոր մեխ, դա կանխարգելիչ բժշկությունն է, երբ մարդը գնում է բժշկի կանխարգելելու համար, այլ ոչ թե բուժման: Երբ նախնական փուլում հայտնաբերվում է այս կամ այն հիվանդությունը, դրա բուժումը շատ ավելի հեշտ է և ֆինանսապես մատչելի, ինչպես նաև` կինը չի կորցնում իր արտաքին հմայքը, չի ընդունում քիմիոթերապիա և ճառագայթ: Դա է պատճառը, որ մշտապես շեշտադրում ենք կանխարգելիչ բժշկությունն ու ուզում ենք մեր հասարակության լայն շերտերին հասցնենք կանխարգելիչ բժշկության կարևորությունն ու անհրաժեշտությունը, քանի որ քաղցկեցի միակ բուժումը դա կանխարգելումն է»,- նշեց կենտրոնի տնօրենը:

Խոսելով մարզերում առկա առողջական խնդիրների մասին` Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք հաճախ ենք լինում մարզերում, և պատկերը գրեթե նույնն է, պարզապես Երևանում դիմելիությունն ավելի բարձր է:

«Պատճառն այն է, որ երևանաբնակ կանանց համար ավելի հեշտ է և մատչելի` գալ ու հետազոտվել, քան շրջաններից և գյուղերից եկող կանանց համար: Բայց մենք հաճախ ենք գնում և տեղում հետազոտություններ անում: Օրինակ` Գյումրիում ամեն 25-րդ կինն է քաղցկեղով հիվանդ, Ալավերդիում` ամեն 34-րդը, Գեղարքունիքի մարզում` ամեն 10-րդ կինը, իսկ Երևանում` ամեն 16-րդը: Վիճակագրությունը սա է»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը: Նրա փոխանցմամբ` ի տարբերություն մարզերի, երևանաբնակ կանանց մոտ ավելի շատ հայտնաբերվում է նախաքաղցկեղը:

«Այդ փուլում նախաքաղցկեղը հնարավոր է վերացնել, այն չի վերածվում քաղցկեղի: Իսկ գյուղաբնակ կանայք մտածում են` դե լավ, ոչինչ, վաղը չէ մյուս օրը կգնամ, քաղաք գնացող կլինի հետը կգնամ, և այդպես խնդիրը մնում, դառնում է լուրջ պրոբլեմ: Մինչև մենք գնում, հայտնաբերում ենք, բավականին ուշ է լինում»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչանուշ Հակոբյանն ու մեկ անգամ ևս հիշեցրեց և խորհուրդ տվեց ժամանակին դիմել բժշկի:

4257 | 0
Facebook