Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական քարոզչամեքենան զանգվածային ոչնչացման զենք է ռուսների ուղեղների համար. Բորիս Նեմցովի դուստր

13:16, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Ռուսական քարոզչամեքենան զանգվածային ոչնչացման զենք է ռուսների ուղեղների համար. Բորիս Նեմցովի դուստր

Ֆրիդրիխ Նաումանի անվան գերմանական հիմնադրամը մայիսի 27-ին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից 3 ամիս անց, Բեռլին էր հրավիրել վերջինի դստերը՝ Ժաննա Նեմցովային: Նեմցովան հանդես է եկել այսպես կոչված՝ «Ազատության մասին» ճառով: Տարբեր տարիների նմանաբովանդակ ճառով հանդես են եկել Գերմանիայի նախագահ Հոակիմ Գաուկը, Գերմանիայի Սահմանադրական դատարանի անդամ Ուդո դի Ֆաբիոն, հայտնի պատմաբան Պաուլ Նոլտը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Իր ելույթի ընթացքում Նեմցովան մի քանի անգամ շոշափել է Ուկրաինայի հակամարտության թեման: Ըստ նրա՝ ռուսական պետության կողմից վերահսկվող հեռուստաալիքների ղեկավարները պատասխանատվության մեծ բաժին են կրում այսօր Ուկրաինայում կատարվող իրադարձությունների համար: «Պատերազմն Ուկրաինայում սկսվեց տեղեկատվական պատերազմով, պետական ԶԼՄ-ների կողմից Ուկրաինայի հեղափողականների ու Յանուկովիչից հետո իշխանության եկածների հանդեպ տարվող հիստերիկ քարոզչությամբ: Ուկրաինայում բնակվող ռուսալեզու բնակչության շարքերում խուճապ սկսվեց, նրանց վախեցնում էին՝ հավաստիացնելով, թե նոր իշխանությունները հալածանքների կենթակեն իրենց: Արդյունքում Ուկրաինայի արևելքում բռնկվեց անջատողականությունը»:

Ելույթի զգալի մասը նվիրելով նաև ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից տարվող քարոզչությանը՝ Ժաննա Նեմցովան նշել է, որ այդ քարոզչությունը շատ արդյունավետ է և «ամենագլխավոր դերն է կատարում բռնակալության հաստատման և մարդկանց իրավունքից զրկելու գործում»: Ըստ Նեմցովի դստեր՝ ռուսական քարոզչամեքենան «զանգվածային ոչնչացման զենք է ռուսների ուղեղների համար»:

Նեմցովայի պնդմամբ՝ այն նպատակները, որ իր ԶԼՄ-ների առջև դնում է Ռուսաստանի իշխանությունը, ներառում են «արխայիկ, ազգամոլական, այլատյացության և կայսերապետական գաղափարախոսության» տարրեր: Այդ նպատակների թվում է նաև նախ ի դեմս Միացյալ Նահանգների, ապա ռուս լիբերալների՝ թշնամու կերպարի ստեղծումը: Այդ քարոզչության հենքում է նաև «ազգային առաջնորդի հանդեպ անձի պաշտամունք ստեղծելն, ինչպես Ռուսաստանում արվում է Վլադիմիր Պուտինի հանդեպ»:

«Ռուսաստանում շատերն են մտածում, որ երկրում Պուտինին այլընտրանք չկա: Դա այդպես չէ, անգամ համակարգի ներսում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ղեկավարել երկիրը»,- կարծիք է հայտնել Նեմցովան՝ նշելով Գերման Գրեֆի ու Ալեքսեյ Կուդրինի անունները:

Ըստ Նեմցովայի՝ ռուսական քարոզչությունը հանցավոր մեթոդներ է կիրառում, ատելություն բորբոքում, աջակցում է բռնությանն ու ահաբեկչությանը: Քարոզչությունը Կրեմլի հակառակորդներին զրկում է մարդկային դիմագծից, նրանց ազգի դավաճան դարձնում: «Իմ հայրն էլ Կրեմլի տեղեկատվական պատերազմի զոհը դարձավ»,- ասել է Նեմցովան, ով վստահ է, որ հենց Պուտինն է մեղավոր իր հոր սպանության համար:

«Պուտինյան քարոզչության ներկայացուցիչները, բնականաբար, Ռուսաստանում պատասխանատվության չեն ենթարկվի, բայց միջազգային հանրությունը կարող է խառնվել ու գոնե անցանկալի անձ հայտարարել նրանց, ովքեր ատելություն ու բռնություն են տարածում»,- եզրափակել է Նեմցովան:

5576 | 0
Facebook