Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը. Բակո Սահակյան

09:53, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
    
     Սիրելի հայրենակիցներ,
     Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
     Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ և հասել մինչև մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել` կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները և, որ ամենակարևորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:
     Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին ու տեր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ և շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում և վերածնել հայոց անկախ պետականությունը:
     Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով և Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:
     Թանկագին հայրենակիցներ,
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

2698 | 0
Facebook