Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես չեմ ուզում դառնալ հայտնի նկարիչ, իմ գործերի միջոցով ուզում եմ ինձ բացահայտել». Խաչիկ Եղիկյանի արվեստանոցում

16:06, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
«Ես չեմ ուզում դառնալ հայտնի նկարիչ, իմ գործերի միջոցով ուզում եմ ինձ բացահայտել». Խաչիկ Եղիկյանի արվեստանոցում

«Իմ հիմնական թեման մարդն է: Նկարչի գործի մասին կարելի է խոսել, բայց ոչ բացատրել, մանավանդ` իմ դեպքում, քանի որ նկարչությունը համարում եմ ավելի շատ հոգևոր և էներգետիկ դաշտի հետ կապված բան, և եթե ես բացատրեմ այն, ինչ պատկերել եմ նկարում, ես չեմ նկարի, ես դրա մասին կգրեմ: Եթե ես նկարել եմ, նշանակում է` այդ թեման բառի միջոցով չեմ ցանկացել տեղ հասցնել»,- ասում է երիտասարդ նկարիչ Խաչիկ Եղիկյանն, ով նկարել սկսել է դեռ մանկուց, բայց նկարչությունն ավելի խորությամբ ընկալել է և դրանով ավելի լուրջ սկսել է զբաղվել 3-րդ կուրսից:

«Երբ պրակտիկայի ժամանակ գնացինք Դիլիջան, այնտեղ առաջին անգամ նկարեցի յուղաներկով, և ինձ ամբողջությամբ կլանեց այդ նյութը»,- անկեղծացավ երիտասարդ նկարիչը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն այցելեց Խաչիկ Եղիկյանի արվեստանոց, որտեղ նա ոչ միայն նկարում է, այլև` օրվա մեծ մասն է անցկացնում:

Խաչիկ Եղիկյանը սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում, այժմ դասավանդում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Նա դժվարանում է առանձնացել իր նկարներից որևէ մեկը: Իր իսկ բնորոշմամբ` նա ոչնչի դեմ չի պայքարում, չի սիրում բողոքել, իսկ պետությունից որևէ աջակցություն չի ակնկալում:

«Հայաստանում կան իդեալական պայմաններ նկարիչ դառնալու համար, ինչը չկա Եվրոպայում, բայց Եվրոպայում չկան այն խնդիրները, որոնք կան Հայաստանում»,- համոզված է Խաչիկը:

«Դասավանդելով և նոր սերնդի հետ շփվելով՝ հասկանում եմ, որ հիմա մեզ մոտ էտալոն է դարձել սալոնային նկարչությունը: Շատ կուզեի, որ այդպես չլիներ: Կարծում եմ` բառն արդեն ամեն ինչ ասում է. սալոնային նկարչությունը թանգարանային նկարչություն չի: Այս ոլորտում ևս գերակշռող մասսան նախընտրում է հարմարավետ կյանք նկարչության հաշվին, բայց՝ ոչ ճիշտ նկարչության հաշվին»,-ասում է նկարիչն, ում դուր չի գալիս, որ այսօր բոլորը գնում են պահանջարկի հետևից:

«Ես մասնագիտացված եմ նկարչության բնագավառում, բայց չեմ տարանջատում նկարչությունը, քանի որ երաժշտությունը, գրականությունն ու կինոն նույնչափ դեր ունեն իմ կյանքում: Գրում եմ պատմվածքին հարող արձակներ, նվագում եմ, ֆիլմի սցենար եմ մշակել, որը շուտով կնկարահանվի: Իմ բոլոր գործերի հիմնական հերոսը ես եմ, ևʹ նկարչության մեջ, ևʹ պատմվածքներում»,- ասում է Խաչիկ Եղիկյանն, ով խոստովանում է, որ չի ուզում լինել հայտնի նկարիչ կամ գրող.

«Ես իմ գործերի միջոցով փորձում եմ ինձ բացահայտել, հասկանալ` ով եմ ես»:

14871 | 0
Facebook