Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Հարությունյանը` Սուրիկ Խաչատրյանի դեմ ուղղված կրակոցների մասին. «Կարող է այնքան բեմականացնեն, մի օր էլ իսկականից կրակեն»

16:31, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Արամ Հարությունյանը` Սուրիկ Խաչատրյանի դեմ ուղղված կրակոցների մասին. «Կարող է այնքան բեմականացնեն, մի օր էլ իսկականից կրակեն»
     ՄԱՄՈՒԼ.am-ը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին իրադարձությունները (նրա նկատմամբ իրականացված մահափորձի և որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքերը): «Երբ որ «Հարսնաքարի» դեպքը եղավ, ես նախագահական ընտրությունների ժամանակ իմ ելույթում` դիմելով Սերժ Սարգսյանին, ասացի. «Երբ որ մենակ եք լինում, երբևէ մտածո՞ւմ եք այդ դեպքերի մասին` ինչի համար են տեղի ունենում… Եթե Սերժ Սարգսյանը Բուդաղյանների հետ կատարված դեպքերից հետո, անկախ ամեն ինչից, գնում է այդ նույն Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին ու լավ ուտելուց հետո ասում է` ի՞նչ եք նստել, վեր կացեք, պարեք (դա ինձ ականատեսն է պատմել, հենց այնպես չեմ ասում-Ա.Հ.), ապա այս ամենից հետո մտածել, թե ինչ կարող է լինել Սուրիկ Խաչատրյանի և իր ընտանիքի հետ, նույնիսկ միամտություն է: Եթե, ասենք, Սաշիկ Սարգսյանի տղան «Բելաջոյի» մոտ կրակում է Խաչատուր Սուքիասյանի եղբոր վրա ու նորից մնում անպատիժ, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց քաղաքական գործիչը` նշելով, որ ՀՀ սահմանադրությամբ սահմանված է` պետության նախագահը պետության գլուխն է, և եթե ինչ որ բան` ճիշտ կամ սխալ, տեղի է ունենում, պատասխանատու է գլուխը, քանի որ նա է հրաման տվողը: Նույնը, կարելի ասել այս դեպքում»,- այսպես պատասխանեց նա և շարունակեց. «Երբ որ Ս. Սարգսյանը գնում է «Հարսնաքար», մատուցողը, թիկնապահը տեսնում են` նա եկավ, կերավ, խմեց, վեր կացավ պարեց, կարող է իրենք էլ հետն են պարում... էս մարդու համար ծովը ծնկներից է»,- ասաց Հարությունյանը` շեշտելով, որ պետք է նախ հասկանալ, թե անպատժելիությունն ինչի հետ է կապված կամ ում հետ է կապված: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձին, չբացառեց` «միգուցե ուզում էին գլուխն ուտե՞լ, ուղղակի չստացվեց... Այո, եղել են կրակոցներ, իրականի՞ց են կրակել, թե ոչ, բեմականցո՞ւմ էր, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել: Կարող է այնքան բեմականացնեն, մի օր էլ իսկականից կրակեն»,-դիտարկեց նա: Ա.Հարությունյանի կարծիքով, մեր երկրում ցանկացած հարց անլուծելի է, քանի որ դրանք բոլորը քաղաքական դաշտում են գտնվում: «Դատական համակարգը, գիտեք, թե ինչքան կոռումպացված է, ինչքան է կախված գործադիրից: Հույս ունենալ, որ մեր օրերում որևէ դատավորի, քննիչի կամ փաստաբանների միջոցով հնարավոր է հարց լուծել, անհնար է»,- նշեց նա` վստահեցնելով, որ միայն մի դեպքում կպատժվեն նախագահի շրջապատի մարդիկ. «Ով որ Սարգսյանին փող ա գցել: Ուրիշ ոչ մի ձև ոչ ոք պատիժ չի կրելու»:
4831 | 2
Facebook