Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես էլ եմ ողբում մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի համար, բայց պետք չէ այդ ամենը բարդել Եվրոպայի գլխին». Արսեն Գրիգորյան

17:45, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Ես էլ եմ ողբում մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի համար, բայց պետք չէ այդ ամենը բարդել Եվրոպայի գլխին». Արսեն Գրիգորյան
     Մայիսի 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Եվրոտեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթեց Շվեդիան, իսկ Հայաստանը ներկայացնող «Geneology» խումբը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցեց Նադեժդա Սարգսյանի և Արսեն Գրիգորյանի հետ, ովքեր իրենց գնահատականը ներկայացրեցին մեր ելույթի վերաբերյալ` խոսելով նաև 16-րդ տեղը զբաղեցնելու պատճառների մասին:
     «Իմ գնահատականը դրական է, նորմալ ելույթ էր, շոուն էլ լավն էր: Հանրայինը շատ լավ էր աշխատել, գաղափարը, կերպարները. տարբեր երկրներից մարդկանց գտնելը... կարողացան հասցնել բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ մնացածը հետո պետք է վերլուծել... Դուք էլ գիտեք` ինչպես է լինում` ժյուրին է, SMS-ներն են: Թիմային մտածելակերպ է պետք, նստել, մի քիչ մտածել` պատճառը ի հայտ բերելու համար»,- ասաց երգչուհին:
     Արսեն Գրիգորյանն այլ կարծիքի է. «Ինչքան էլ լավը լինի, միևնույն է` Հայաստանի և Եվրոպայի երաժշտական ճաշակները շատ տարբեր են: Եվրոպան չի սիրում նման բաներ: Այդ երգն ավելի շատ ռոք սիրողների համար է: Մեր աղջիկների համար ավելի վառ գույներ, բաց հագուստներ կարող են ընտրել, իրենց սիրուն մարմինները թող ի ցույց դնեն: Իսկ մենք ոտքից գլուխ հագցնում ենք: Ես էլ եմ ողբում մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի համար, բայց պետք չէ այդ ամենը բարդել Եվրոպայի գլխին: Իմ կարծիքով` եվրոպական հետաքրքրությունները շատ են տարբերվում հայկական հետաքրքրություններից` հագուստից ու շոուից սկսած, երաժշտությունից վերջացրած: Օրինակ, շատ լավն էր Բելգիայի ներկայացուցիչը, Մակեդոնիան, Շվեդիայի տղան, ինչ ուժեղ էր, երրորդ հազարամյակի շոու էին արել: Ամեն դեպքում շնորհավորում եմ մեր մասնակիցներին, մեր շատ սիրելի Արմեն Մարտիրոսյանին` գեղեցիկ երգի համար, բայց կուզենամ մի օր Հայաստանին տեսնել այլ ելույթով, ավելի պարզ, ավելի եվրոպական: Օրինակ, կուզենամ Իվետա Մուկուչյանը գնա, այ սենց դեմքեր են պետք, որ իրենց ամեն ինչով եվրոպոիդ են, ակտիվ, հաուս երգերով, էլեկտրոմյուզիքով: Մի բան էլ ավելացնեմ` հերիք է հայկական դուդուկներն ամեն տեղ օգտագործել, հայկական ամեն ինչն օգտագործել, սաղ էլ գիտեն արդեն: «Եվրոտեսիլը» մի դարձրեք դոգմա, լավ զարգացած երկրներն այն օգտագործում են իրենց նոր սկսող ինչ-որ մարդկանց համար, ոչ թե աստղերի»,- եզրափակեց երգիչը:
6060 | 4
Facebook