Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավլիկ Մանուկյան. «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները կամ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին»

17:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Պավլիկ Մանուկյան. «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները կամ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին»
     Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց երկրում տիրող անարդարությունից և «ռեժիմի ապօրինի գործողություներից». «Իրենք հույս ունեին, որ ձերբակալելով մեզ, մեր ընկերներին, կստիպեն հետ կանգնել իրենց որոշումներից, որ նրանք կհրաժարվեն շարունակել պայքարը, բայց հակառակ պատկերն ստացան: Մեր միջոցառումները խափանվեցին, որովհետև մենք ազատության մեջ չէինք: Ռեժիմը լծված էր զանգվածային ահաբեկչություն իրականացնելով: Հակառակորդին հաջողվեց խափանել մոբիլիզացիան, բայց չկարողացավ ձախողել մեր առաջընթացը… Մեր խոսքը կարծես թե հնչում էր բանտից: Նրանք հույս ունեին, որ մեր գործը չկարճելով, մեզ կարող են կոտրել, բայց սին են այդ հույսերը: Մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք, թե երբ, ինչ պայմաններում, այդ մասին մանրամասն կտեղեկացնենք»,- ասաց նա` նշելով, որ իրենց ռազմավարությունը չի փոխվել և իրենց ուղին նույնն է:
     ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ շարժումը պետք է հասնի նրան, որ բոլոր մարդիկ, որոնք իշխանության և իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով են բանտում հայտնվել, դուրս գան. «Մեր երկրում ձևավորվել է կարծիք, թե ստալինիզմի դրսևորումներ են ի հայտ եկել: Տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները, երկիրը բանտի վերածելը հենց ստալինիզմի դրսևորում է»,- նշեց նա: Պավլիկ Մանուկյանը` ողջույն հղելով բանտերում գտնվող իրենց ընկերներին, հայտնեց, որ շուրջ 48 ազատամարտիկ և 240-ից ավելի սպա այսօրվա դրությամբ բանտերում են փակված, որոնք, ի տարբերություն շատ շատերի, մեծ ներդրումներ են ունեցել երկրի համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց բանտի աշխատակիցներին, որոնք իրենց հանդեպ շատ «զգուշավոր էին» և «ցավ էր թափվում նրանց դեմքից»: Վերջինն անդրադարձավ նաև Շանթ Ոսկերչյանի` Հայաստան մուտք գործելու արգելքի հանգամանքին. «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները կամ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին»,- նկատեց նա:
     Գևորգ Սաֆարյանն էլ կոչ արեց երիտասարդությանը` ժամանակավորապես թողնել հաճելի միջոցառումները և ավելի ակտիվ լինել էլեկտրաէներգիայի և նմանատիպ այլ ակցիաների ժամանակ. «Մի համերգի համար կարող են հավաքվել Կարապի լճում և նույնիսկ մտնել լիճ, ինչո՞ւ երկրին վերաբերող հարցերի ժամանակ այդպես չեն համախմբվում»:
     ՀԽ անդամները տեղեկացրեցին, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածների և քաղհալածյալների խնդիրների հետ կապված իրենք սկսել են հանրային հանդիպումներ անցկացնել, սակայն արգելքների են հանդիպում, երբ որևիցէ հյուրանոցային դահլիճում ցանկանում են նման միջոցառում կազմակերպել: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանում, որ մերժում են, Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ասում են` կներեք, նախապես վարձակալած է եղել և այլն…»:
     Ըստ բանախոսների` նման իրավիճակ ունեցել են նաև 2008-ին, սակայն այսօր ամեն ինչ շատ տարբեր է` «փոխված են արտաքին պայմանները, ռեժիմը վախի մեջ է, պակասել է նաև ազգաբնակչությունը»:
3657 | 1
Facebook