Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչո՞ւ են լրատվամիջոցները հրաժարվում ցուցադրել «Կռունկ» երգի տեսահոլովակը

20:33, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Ինչո՞ւ են լրատվամիջոցները հրաժարվում ցուցադրել «Կռունկ» երգի տեսահոլովակը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երգչուհի Ալին Գոյանը ներկայացրել էր «Կռունկ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը քննարկումների առիթ էր դարձել: Հեռուստաընկերություններից շատերն այն արգելել էին` պատճառաբանելով, որ տեսահոլովակը չի համապատասխանում այս կամ այն հաղորդման ձևաչափին:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին ասաց, որ տեսահոլովակի հիմնական գաղափարը խոսքի ազատությունն է: «Տեսահոլովակում արծարծվում են համամարդկային մի շարք խնդիրներ, որոնք ակտուալ են, մասնավորապես այն, որ կրոնը, իշխանությունը և հասարակությունը գնալով հեռանում են միմյանցից, մարդիկ ագրեսիվ են իրար հանդեպ և անհանդուրժող»,- նշեց Ալին Գոյանը: Երգչուհու խոսքով` այսօր որոշ հեռուստաընկերությունների աշխատակիցներ, դիմելով «ինքնացենզուրայի», դժվարացնում են տեսահոլովակի մուտքը լրատվամիջոցներ: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խոսքի ազատության կրողը հենց չորրորդ իշխանությունն է, սակայն այսօր ցավով եմ արձանագրում, որ տեսահոլովակը բախվել է մի պատնեշի, որը ստեղծել են հենց որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այդ նույն հեռուստաընկերություններն ինձ բազմիցս եթեր են տրամադրել սեփական նախաձեռնությամբ, և այս պարագայում որոշ հեռուստաընկերությունների աշխատակիցների երկչոտ պահվածքն ինձ համար մեղմ ասած` անհասկանալի է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ երգչուհին, ով կոչ է անում լրատվամիջոցներին` հավատարիմ մնալ իրենց առաքելությանը: «Ոչ մի դեպքում չզբաղվել ինքնացենզուրայով, նույնիսկ ստալինյան ժամանակաշրջանում ցենզուրա սահմանվում էր բարձր ատյանների կողմից, ոչ թե` տեղական նախաձեռնությամբ»,-ավելացրեց նա:
     «Ստացվում է, որ առանձին աշխատակիցներ ոչ միայն չեն հասկացել տեսահոլովակը, արվեստի սիմվոլիկ լեզուն, այլև` ունենալով անհասկանալի վախեր՝ տեսահոլովակում տեսել են մի բան, որը ստեղծագործական թիմը չի էլ տեսել»,-եզրափակեց Ալին Գոյանը, ով համոզված է, որ տեսահոլովակը հաջողություն է ունենալու:

7529 | 0
Facebook