Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվային առավել աղետալի վտանգ է սպառնում, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կամ էլ հավանական Երրորդ համաշխարհային պատերազմը

14:03, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Մոսկվային առավել աղետալի վտանգ է սպառնում, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կամ էլ հավանական Երրորդ համաշխարհային պատերազմը

Մոսկվացիներին սպառնում է առավել մեծ վտանգ, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կամ էլ հավանական Երրորդ համաշխարհային պատերազմը: Քչերին է հայտնի, որ Մոսկվան գտնվում է ստորգետնյա ջրային հսկայական տարածքի վրա, որին գիտնականները ժամանակին տվել են «Մոսկովյան ստորգետնյա ծով» անվանումը:

Դրա գոյությունը բացահայտել է ակադեմիկոս Գուբկինն, ով երկրաբանական հետաքննություն է անցկացրել՝ նպատակ ունենալով Մոսկվայի կամ Մերձմոսկվայի տակ նավթ հայտնաբերել: Սակայն սև ոսկու փոխարեն նա գտել է հսկայական ջրամբար և եզրակացրել, որ դա այն ծովի մասն է, որը ժամանակին ծածկել է Միջռուսական հարթավայրը:

Ինչ-ինչ պատճառներով այդ ծովի մի մասը լցվել է ստորգետնյա դատարկությունների մեջ: Երկրաբանական հետազոտությունների տվյալներով՝ ստորգետյա ծովը մոտավորապես գտնվում է Մոսկովյան օղակաձև ավտոճանապարհի (МКАД) տակ ընկած տարածքում և ծավալվում է դրանից 5-30 կմ հեռավորության վրա:

Ստորգետնյա ծովի խորությունը մինչ օրս էլ ճշտված չէ, հայտնի է միայն այն, որ դրա վերին մասը քաղցրահամ ջրերից է բաղկացած, իսկ ծովի մակերեսից 1300 մ խորությունից հետո սկսվում է ծովային ջրի շերտը՝ հագեցած աղերով:

Քաղաքի և ստորգետնյա ծովի մակերևույթի միջև ընկած հողի շերտի հաստությունը տարբեր տեղերում տարբեր է: Այսպես՝ Մոսկվայի արվարձաններում այն 900-1000 մետր է, Մոսկվայի կենտրոնում՝ 500 մ, իսկ կենտրոնական որոշ հատվածներում՝ ընդամենը 300-400 մ:

Այս բոլոր փաստերը ժամանակին լայնորեն ուսումնասիրվել են, գրառվել գիտահետազոտական աշխատություններում: Հաշվարկվել են նաև երևույթի աղետալի վտանգի մի շարք գործոններ.

1. Առանց այդ էլ բարակ շերտը՝ ծովի և քաղաքի միջև, թուլացած է կարստային դատարկություններով, որոնք ունեն բնական ծագում:

2. Այն թուլացած է նաև բազմաթիվ արհեստածին դատարկություններով՝ մետրոյի թունելներով, ստորգետնյա հսկայական, բազմահարկ ապաստարաններով, որոնք կառուցվել են ատոմային պատերազմի դեպքում ապաստան գտնելու համար:

3. Մոսկվայի ինտենսիվ կառուցման ժամանակ ավելի քան 5000 առուներ ու գետակներ իջեցվել են ստորգետնյա ամբարներ, որոնք վաղուց քանդվել են, և հազարավոր ստորգետնյա գետակները լցրել են այն հսկայական դատարկությունները, որ գոյություն ունեն Մոսկվայի ընդերքում:

Բոլոր այս 3 գործոնները հանգեցրել են Ռուսաստանի մայրաքաղաքի հողի մակերևույթի աղետալի թուլացմանը: Դրան նպաստոււմ է նաև ժամանակակից խիտ շինարարությունը, երբ միայն շենքի հիմքի բարձիկների մեջ լցված բետոնի հսկայական շերտը զգալի ճնշում է գործում հողի՝ առանց այն էլ բարակ շերտի վրա: Որոշ ժամանակ առաջ ռուսական լրատվամիջոցները գրեթե ամեն օր հայտնում էին Մոսկվայի տարածքում տեղի ունեցած հողային փլվածքների մասին: Դրանց մեծ մասի պատճառը ընդերքի հողային շերտերի տեղաշարժերն էին:

Իսկ հիմա՝ առավել մեծ վտանգի մասին: Դեռևս ԽՍՀՄ ժամանակ Բալթյան նավատորմի ռազմածովային հետախուզության վարչության երկրաբանական ու սեյսմոլոգիական բաժանմունքին հանձնարարվել էր հետազոտություններ անցկացնել՝ Մոսկվայի երկրաֆիզիկական և սեյսմիկ անվտանգության և ստորգետնյա ծովից բխող վտանգների հետ կապված: 1988-1990թթ. արված հետազոտությունները պարզել են, որ Մոսկվան տեղակայված է 2 խզվածքների հատման հատվածի վրա, այսինքն՝ 4 տեկտոնական սալերի հանգույցի վրա: Դրանք փոխադարձ ճնշման պատճառով հսկայական լարվածություն են առաջացնում: Հետազոտությունների արդյունքում արձանագրվել է այդ լարվածության դինամիկ աճ:

Բացի այդ, պարզվել է, որ սալերի բախման հատվածում բավականին ուժգին ցնցումների թուլացած ալիքները երկրակեղևի վրա առաջացնում են երկրաշարժ 1,5-3,5 բալ ուժգնությամբ: Այս ալիքները թուլացնում են Մոսկվայի պահող հողի շերտն՝ այն ավելի փխրուն դարձնելով:

Ռազմական երկրաֆիզիկոսները եզրակացրել են նաև, որ ճնշումների աճը վաղ թե ուշ կհանգեցնի բավականին հզոր՝ 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժի, որի էպիկենտրոնը կլինի Մոսկվայի տակ: Եվ եթե Մոսկվայի շենքերի մեծ մասը կդիմանա 4-6 բալ ցնցումներին, ապա դրանց չի դիմանա առանց այն էլ թուլացած հողային շերտը, որի վրա կառուցված է հսկայական մեգապոլիսը: Այսինքն, այդ ամբողջ հողային շերտը Մոսկվայի հետ միասին կփլվի «Մոսկովյան ստորգետնյա ծով»-ի մեջ:

Մնում է միայն հավելել, որ վերջին տարիներին ողջ աշխարհի սեյսմոլոգները գրանցում են աննախադեպ սեյսմիկ ակտիվություն՝ ինչպես երկրաշարժերի հաճախականության, այնպես էլ դրանց աշխարհագրական անբացատրելի ընդլայնման առումով: Երկրաշարժերի հաճախականացման ու տարածվածության պատճառները դեռևս անբացատրելի են:

22187 | 5
Facebook