Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ները դժգոհում են, իսկ Սփյուռքի նախարարությունը` համոզում

14:35, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ները դժգոհում են, իսկ Սփյուռքի նախարարությունը` համոզում

Թեև ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն առիթով հայտարարում է, թե Հայաստանում ապաստանած սիրիահայերն իրենց լավ են զգում, որ նրանց խնդիրները գնալով լուծում են ստանում, որ վերջինների ինտեգրվելուն և աշխատանքի տեղավորմանը ոչինչ չի խանգարում, որ նաև շատ արտոնություններ կան սահմանված սիրիահայերի համար, սակայն, բոլորովին այլ բան են ասում իրենք` սիրիահայերը: Նրանց խոսքով, այդ «արտոնություններ» ասվածն այնքան չնչին է և անհասանելի, որ կարելի է ասել` անօգուտ է:
     Այսպես, Հայաստանում, տարբեր տվյալներով, սիրիական հակամարտության հետևանքով, վերջին չորս տարիների ընթացքում ապաստանել է ավելի քան 15 հազար մարդ: Նրանք ապրում են փախստականի կարգավիճակով և ունեն բազմաթիվ խնդիրներ: Քիչ չեն այն մարդիկ, որոնց հետ անմիջական շփումից հասկանալի է դառնում, որ դժվարանում են գոյատևել տնտեսական շատ մեծ խնդիրներ ունեցող երկրում:
     Սիրիայի Հալեպ քաղաքից երկու տարի առաջ Հայաստան տեղափոխված 12-ամյա Գառնիի ընտանիքը թեև հայրենիք է վերադարձել, բայց երազում է, որ Հալեպում պատերազմը շուտ ավարտվի և իրենք կրկին վերադառնան այնտեղ: Փոքրիկ աղջիկը, որը վաղուց հայկական դպրոցում է սովորում, կարոտով է հիշում իր «այնտեղի դպրոցը», որտեղ ամեն ինչ այնքան «թանկ» չէր, ինչպես այստեղ: «Իմ աչքի առաջ մեր ավտոմեքենան պայթեց, ես շատ էի վախեցել…Նույնիսկ չգիտեմ` մեր տունը հիմա կա՞, թե՞ ոչ, բայց շատ եմ կարոտել իմ դպրոցը, իմ ընկերներին»,- հիշում է աղջիկը:
     Գառնիի մայրն էլ` Արփին, իր հերթին ավելացնում է, որ գալով Հայաստան՝ նրանք մի շարք խնդիրների առաջ են կանգնել. «Հույս ունենք, որ Սիրիայում վիճակը կհանդարտվի և հետ կվերադառնանք: Ճիշտ է` շատ բան ենք կորցրել, վերադառնալու դեպքում զրոյից պետք է սկսենք, բայց ի˜նչ արած, այստեղ ապրելը շատ դժվար է»,-խոստովանում է նա` նշելով, որ պետությունն ի վիճակի չէ լուծել անգամ իրենց ամենափոքր հարցերը. «Մինչև գալը ոսկերչությամբ էինք զբաղվում, կարողանում էինք նորմալ, բարեկացիկ կյանքով ապրել…Այստեղ ամեն քայլը փող է, իսկ մենք վարձով ենք ապրում: Ինչքան գումար ունեինք, այս տարիների ընթացքում վատնեցինք, այլևս հնարավոր չէ այսպես շարունակել»,- նեղսրտեց նա:
     Անիի ամուսինն այստեղ ավտոմեքենաների վերանորոգմամբ է զբաղվում, բայց գործն «այնքան էլ եկամտաբեր չէ», գումարը մի կերպ բնակարանի վարձին է բավականացնում, մինչդեռ երեխաները բազմաթիվ պահանջներ ու խնդիրներ ունեն:
     Հարցին, թե չե՞ն փորձել «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու դիմում ներկայացնել, ասաց, որ իր շրջապատում գտնվող սիրիահայերից և ոչ մեկը չի վստահել այդ ծրագրին. «Որքան տեղյակ եմ` Աշտարակում բնակարան ձեռք բերելու համար 600-ից ավելի սիրիահայ դիմում է ներկայացրել: Բայց դիմում գրելը բավարար չէ, նաև ներդրումներ պետք է արվեն: Կային շատ մարդիկ, որոնք համապատասխան գումարը չունեին, դրա համար հրաժարվեցին բնակարան ստանալու դիմում գրելուց»,- նշեց մեր զրուցակիցը:
     Սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները մշտապես ահազանգում են, որ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար ամենաառաջնայինը` կեցության և աշխատանքի հարցն է, որոնց ուղղությամբ պետական կառույցները գրեթե ոչինչ չեն անում: Իսկ Գառնիի օրինակով հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք մի կերպ են գոյատևում Հայաստանում:

3337 | 3
Facebook