Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արմեն Պողոսյանն` ալյուրի հարստացման մասին. «Եթե մարդը դիպլոմ ունի, դա չի նշանակում, որ կենսաֆիզիկոս է. նրանք բոլորը հիմարություններ են դուրս տալիս»

10:30, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Արմեն Պողոսյանն` ալյուրի հարստացման մասին. «Եթե մարդը դիպլոմ ունի, դա չի նշանակում, որ կենսաֆիզիկոս է. նրանք բոլորը հիմարություններ են դուրս տալիս»

«Ֆոլաթթուն ակտիվացնում է էստրոգենները, այսինքն, կանացի հորմոնների աճ է առաջանում: Եթե տղամարդու մոտ կանացի էստրոգենների աճ տեղի ունենա, բնավորության ու օրգանիզմի ֆեմինիզացում կլինի, տղամարդկանց մոտ ի հայտ կգան կանացի հատկանիշներ»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի վնասակարության մասին, հայտարարել էր կենսաֆիզիկոս, «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը: Նա բերել էր Չիլիի օրինակը, երբ շատ տարիներ առաջ ալյուրի հարստացման հետ պայմանավորված, այնտեղ կտրուկ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը:
     Մասնագետները հաճախ են ահազանգում` եթե կյանքի կոչվի այդ նախագիծը, ազգաբնակչության առողջությունը մեծ վտանգի տակ կընկնի, քանզի մարդիկ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուտելու: Իրարամերժ կարծիքները բազմաթիվ են:
     Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով կենսաֆիզիկոսի հայտարարությունը` կապված էստրոգենների ակտիվացման հետ, ասաց, որ նման բան չի կարող լինել: «Այդպիսի բան միայն հիվանդ գլխում կարող է լինել: Մենք բիոլոգիայի ինստիտուտ էլ ունենք, միկրոբիոլոգիայի էլ, համալսարանում ամբիոն էլ ունենք, ինչո՞ւ նրանք չեն ասում: Դա ասում են նրանք, ովքեր իրենց համարում եմ կենսաֆիզիկոս, կենսաբիոլոգ և այլն: Եթե մարդը դիպլոմ ունի, դա չի նշանակում, որ կենսաֆիզիկոս է, դուրս եկեք փողոց ու տեսեք` առանց դիպլոմի մարդ կա՞»,- նկատեց Ա. Պողոսյանը` հավելելով, որ ոչ ոք չի կարող միանշանակորեն պնդել` ալյուրի հարստացումը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:
     Պողոսյանի կարծիքով, նրանք, ովքեր խոսում են դրա մասին` հիմարություններ են դուրս տալիս: «Հետո ինչ, որ խոսում են: Այդ գնահատականները չհիմնավորված են: Ձեր ասած կենսաֆիզիկոսն ասում է, որ ինտերնետում կարդացել է, որ նման բան կա: Իրեն բացատրում ենք, որ ինտերնետում շատ բան կա, մեծ մասը աղբ է: Եթե օրինակներ բերեն Հարվարդի համալսարանից, կամ մի ուրիշ տեղից, կարելի էր ընդունել: Ուրեմն` այդ մարդիկ ինտերնետից կարդացածներով տանը պիտի խոսեն, ոչ թե մամուլով, իսկ մամուլով պետք է խոսեն գրագետ բաներ»,- ասաց` նշելով, որ նրանք նաև ասում են, թե պրոֆեսորները վախենում են ու ճիշտը չեն ասում. «Պրոֆեսորն ինչի՞ց պիտի վախենա, դա անհնար է: Մեկը կվախենա, մյուսը` կասի, գիտության նվաճումները թաքցնել հնարավոր չէ»:
     Անդրադառնալով Չիլիի դեպքին` մեր զրուցակիցը նշեց, որ անընդհատ մամուլում կարդում է, թե այնտեղ քաղցկեղի աճը կապում են ալյուրի հարստացման հետ: «Էդպիսի բան կարող է լինել միայն հիվանդ գլխում, նորմալ գլխում էդպիսի բան չի կարող լինել: Չիլին նույնպես Առողջապահության համաշխարհային համակարգի մեջ է և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բաց չէր թողնի այդպիսի երևույթը»:
     Արմեն Պողոսյանի կարծիքով, եթե մարդը լիարժեք սնվի, նրա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնա. «Մեր ժողովուրդը երկար ժամանակ չի ուտում ձուկ, մրգեր, հատկապես սև հացին մոտ չի գնում, սպիտակ հաց պատրաստելիս թափվում է նրա մեջի թեփը, նրա հետ միասին նաև` երկաթը: Ես իմ տանն էլ չեմ կարողանում ստիպել, որ սև հաց ուտեն: Հիմա մենք 3 մլն մարդու հետ գործ ունենք, ոնց նրանց բոլորին համոզենք: Այո, եթե առողջ սնվենք, ամեն ինչ ուտենք, ալյուրի հարստացման մասին չի խոսվի:Բայց մի կողմից անվճարունակությունը, մյուս կողմից տգիտությունը: Ինչքա՞ն կարելի է մարդուն բացատրել, որ սպիտակ հացը վնաս է: Աողջապահության նախարարության թվերը 47% անեմիա են ասում:Ես դրանց չեմ վստահում, դրանց մեջ անճշտություններ կան: Բայց միևնույն է, եթե 47 չլիներ, 30 լիներ, պրոբլեմը կա: Եվ մենք պետք է մտածենք մարդկանց առողջության մասին»,- եզրափակեց Սպառողների միության նախագահը:

4852 | 3
Facebook