Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիվ 70 դպրոցը դահլիճ չունի. տնօրենը մտադիր է այդ հարցը լուծել իր միջոցներով

17:30, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Թիվ 70 դպրոցը դահլիճ չունի. տնօրենը մտադիր է այդ հարցը լուծել իր միջոցներով
     Օրերս Երևանի թիվ 70 դպրոցում տեղի ունեցավ չորրորդ դասարանցիների տարեվերջյան հանդեսը: Դասվար Նարինե Աչինյանը, ով ջանքեր չէր խնայել գեղեցիկ միջոցառում ստանալու համար, ցավով նշեց, որ երեխաներին պակասում է դահլիճը: Միջոցառումն անցավ դասասենյակում, քանի որ դպրոցը մինչ օրս դահլիճ չունի: Ուսուցիչների խոսքով՝ նախկինում ունեցել են, սակայն երկար տարիներ մատնված լինելով անուշադրության՝ շարքից դուրս է եկել: Դպրոցի տնօրեն Աննա Աբելյանը, ով ընդամենը մեկ տարի է, ինչ տնօրինում է դպրոցը, մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մինչև սեպտեմբեր նոր, գեղեցիկ դահլիճ ունենան: «Դպրոցն իր միջոցներով կլուծի այդ հարցը: Ունենք դահլիճ, սակայն այն գտնվում է բակում, կարելի է ասել՝ դպրոցի հետ կապ չունի, շենքից հեռու է, լրիվ ավերված վիճակում՝ ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, նույնիսկ հատակն է քայքայված: Մեր շենքում մի մեծ դասասենյակ ունենք, որոշել ենք այն դահլիճ դարձնել, քանի որ նման գեղեցիկ միջոցառումները, որոնք հաճախ են կազմակերպվում, հենց դահլիճի համար են»,- ոգևորությամբ շեշտեց տնօրենը՝ հավելելով, որ մեծ հպարտություն է զգում, երբ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները թեկուզև նման պայմաններում փորձում են արարել, ստեղծագործել և առաջ գնալ:
     Հիշեցնենք` մի քանի տարի առաջ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդում էր ուղարկել Երևանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այն մասին, որ թիվ 70 դպրոցը՝ նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանի թեթև ձեռքով և անօրինական գործողությունների հետևանքով ոչ միայն թալանվել է, կորցրել ողջ գույքը, այլև՝ սնանկացման եզրին է հասել:
3566 | 1
Facebook