Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նոր ղեկավարները որոշեցին, որ իրենք ավելի խելացի են, քան նախկինները». Իշխան Ղարիբյանը` դպրոցում թատրոնի տոմսերն արգելելու մասին

13:35, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
«Նոր ղեկավարները որոշեցին, որ իրենք ավելի խելացի են, քան նախկինները». Իշխան Ղարիբյանը` դպրոցում թատրոնի տոմսերն արգելելու մասին

Արդեն մի քանի ամիս է, ինչ ԿԳ նախարարությունն արգելել է դպրոցներում թատրոնի տոմս վաճառել` պատճառաբանելով, թե դրամահավաքությունն ու կաշառակերությունը խստիվ արգելված է: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանի հետ, ով նման որոշումը համարում է աբսուրդ:

«Վստահաբար ասում եմ, որ դպրոցում բացի թատրոնի տոմսի գումարից, մնացած ամեն ինչի համար գումար են հավաքում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ դա պետք է ազդի միայն թատրոնի վրա: Երբ ինչ-որ բան որոշեցին արգելել, պետք է ոչ թե «քոքից կտրեին», այլ` մի մեխանիզմ մշակեին, որ թեկուզ դպրոցներում չվաճառվեին տոմսեր, բայց երեխաներին ինչ- որ ձևով բերեին թատրոն»,- վստահ է դերասանը:

Նրա խոսքով` ակնառու է, որ հանդիսատեսի թիվը պակասել է: Ներկայացումների քանակն էլ կրճատվել է:

«Մեր թատրոնի հանդիսատեսի գերակշռող մասը մշտապես կազմել են դպրոցականները: Չնայած մենք մեզ հուսադրում ենք, որ վերջին ամիսներին դպրոցներն ու մյուս հաստատություններն ավելի շատ զբաղված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով, և սեպտեմբերից վիճակը կփոխվի, բայց որքան հասկանում եմ` Հայաստանում վիճակը փոխվելուց` փոխվում է միայն դեպի վատը, դեպի լավը շարժ չի գրանցվում ոչ մի ոլորտում»,- ասում է դերասանը:

«Ես սկսում եմ մտածել, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, որ իրեն թատրոն պետք չէ: Աբսուրդ է. ներկայացում խաղացեք, բայց տոմս մի վաճառեք…ինչպե՞ս… ու՞մ համար խաղանք»,- նշում է Իշխան Ղարիբյանը, ում կարծիքով` թատրոնի մարդիկ և այն մարդիկ, ովքեր ինչ-որ արգելքներ են դնում, պետք է ուղղակի հավաքվեն և ընդհանուր հայտարարի գան:

«Թող մի մեխանիզմ մշակեն, որպեսզի` ժողովրդական լեզվով ասած` հաʹմ գառները գոհ լինեն, հաʹմ գայլերը` կուշտ:
     Տարիներով եկել է. աբոնեմենտը վաճառել են, եկել են Պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ նոր ղեկավարները որոշեցին, որ իրենք ավելի խելացի են, քան եղել են նախկինները»,- ամփոփում է դերասանը:

Իշխան Ղարիբյանն ու Արմեն Սանթրոսյանը
Իշխան Ղարիբյանն ու Արմեն Սանթրոսյանը
4678 | 0
Facebook