Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միտք չունեմ հանգստի գնալու». Ազնավուրն այսօր դառնում է 91 տարեկան

11:33, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
«Ես միտք չունեմ հանգստի գնալու». Ազնավուրն այսօր դառնում է 91 տարեկան
     «Կյանքը բաղկացած է պատահականություններից, ապրեք այնպես, որ վայելեք կյանքը մինչև վերջ, արեք ձեզնից կախված ամեն ինչ և դեռ ավելին: Ես սիրահարված եմ կյանքին, այդ պատճառով էլ դեռ իմ մեջ ուժ եմ գտնում բեմ դուրս գալու, ձայնասկավառակ թողարկելու, ես միտք չունեմ հանգստի գնալու»:
     Աշխարհահռչակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն այսօր դառնում է 91 տարեկան: Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը (այսպես է նրա ամբողջական անունը) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
     9 տարեկանից Ազնավուրը երգել է և ելույթ ունեցել բեմի վրա, 1936 թվականից դեբյուտ է ունեցել կինոում: Արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դարձել երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցել է կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատել է Էդիտ Պիաֆը, և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցել են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվել է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամենագլխավոր ազդակն է եղել Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում:
Թողարկել է 57 ձայնասկավառակ, վաճառել ավելի քան 100 մլն օրինակ:
     Ազնավուրի մասին մի առիթով Շառլ դը Գոլն ասել է. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»:
     Նա հրատարակել է նաև իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը «Ազնավուրը Ազնավուրի մասին»:
     «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- գրել է նա:
     1956 թվականից Ազնավուրը կանոնավոր կերպով սկսել է նկարահանվել կինոյում՝ 50-ից ավել ֆիմլեր: Նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենահանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի «Օրֆեի պատգամը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոի «Կրակեք դաշնակահարին» (1960), Ֆոլկեր Շլենդորֆի «Երկաթյա թմբուկը» (1979): Երգչի մոմե արձանը 2004 թվականինին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:
     Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը, որը նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը:

     Երգչի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, թեև ամբողջ կյանքն ապրել է Ֆրանսիայում, բայց երբեք չի մոռանում, որ հայ է: «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան՝ առանց ժխտելու անցյալը: Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս՝ համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես՝ հայկականը»:
     Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:
     1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպել մի քանի միջոցառում՝ տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով: Մասնավորապես՝ ֆրանսիացի շուրջ 90 երգիչներ և դերասաններ մասնակցել են «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն:

     Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար՝ իբրև շնորհակալական հայտ, նրան հանձնել են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր: 1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թվանանին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով:
     Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Վաղարշապատի դրամատիկական թատրոնն, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: 2009 թվականին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

     Ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ազնավուրն ասել է. «Բոլոր նրանց համար, ով չի ճանաչում Հայաստանը, դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում: Իմ հավերժական սերը Հայաստանն է, իմ նախնիների երկիրը»:
     Անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով մեր երկիր ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել շանսոնյեի 90-ամյակի հոբելյանական համերգին:

    
7628 | 0
Facebook