Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարևոր է պատանուն թևեր տալը, բայց ընտանիք կա, որ դա տեսնում է հագցնելու և պճնելու մեջ». Անահիտ Բախշյանը` «Վերջին զանգի» մասին

15:06, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
«Կարևոր է պատանուն թևեր տալը, բայց ընտանիք կա, որ դա տեսնում է հագցնելու և պճնելու մեջ». Անահիտ Բախշյանը` «Վերջին զանգի» մասին

Ինչպես անել, որ «Վերջին զանգը» լինի բոլորի սրտով, ինչպես ճիշտ կազմակերպել միջոցառումներն ու զերծ մնալ ավելորդ ճոխություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց Երևանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում խոսքով` ամեն պատանու կյանքում «Վերջին զանգը» շատ մեծ իրադարձություն է:

«Այն պատանեկության շրջանի փակումն է համարվում և հայտարարում է հաջորդ փուլի բացումը: Սա այն օրն է, երբ պատանուն պետք է թևեր տրվեն, և դա պետք է անի ընտանիքը, դպրոցը, հարևաններն ու բարեկամները: Սա հիշարժան օր է և այն պետք է պատշաճ նշվի»,- համոզված է Անահիտ Բախշյանը:

Նրա կարծիքով` անկախ պատանու ստացած գնահատականներից, գաղափարը պետք է լինի նրան թևեր տալն ու ոգևորելը: «Ընտանիք կա, որ այդ գաղափարը տեսնում է իր երեխային հագցնելով, պճնելով, իր բոլոր քմահաճույքները կատարելով, ընտանիք էլ կա, որ դա տեսնում է այն գործողությունների մեջ, որն իր երեխայի համար իսկապես օգտակար է, և այդ գաղափարն է առաջ տանում,- ասաց Անահիտ Բախշյանը` հավելելով,- դպրոց էլ կա, որ այդ ամենը տեսնում է փուչիկների ու ռեստորանների մեջ»:

Իսկ ինչ վերաբերում է գումարներ հավաքելուն` Անահիտ Բախշյանը դեմ չէ, եթե դա ներդրում է` երեխայի վերջին զանգը պատշաճ կազմակերպելու համար: «Դեմ չեմ, եթե դա դրամահավաք չէ և, եթե դպրոցի տնօրենը փայ չի մտնում»:

Խոսելով սոցիալապես անապահով ընտանիքների մասին, ովքեր հնարավորություն չունեն ներդրում կատարելու, Անահիտ Բախշյանը վստահեցրեց, թե կարելի է այնքան նուրբ կազմակերպել այդ ամենը, որ երեխան ամեն ինչին մասնակցի, բայց ոչ ոք չիմանա, որ նա գումարային ներդրում չի արել:

4287 | 0
Facebook