Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում. Գոռ Գալոյան

12:35, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
«Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում. Գոռ Գալոյան
     Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գազալցակայանում մեքենաների պայթյունների երկու դեպք գրանցվեց: Առաջինը՝ Հարավ-արևմտյան թաղամասի գազալցակայանում էր, իսկ երկրորդ դեպքը` Գառնի գյուղի գազալցակայանում:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանն ասաց. «Նման դեպքերը տեղի են ունենում տեխնիկական կանոնները չպահպանելու պատճառով: Տվյալ մեքենային չհամապատասխանող կամ մաշված գազի բալոններ են օգտագործում: Օրենք կա սահմանված՝ առաջինը քաղաքացին պետք է պահպանի կանոնները, ավտոմեքենային ճիշտ բալոն տեղադրի, իսկ խախտումներով տեղադրված բալոնները գազալցակայաններում չպետք է լիցքավորեն»:
     Մեր թղթակիցն այսօր այցելել է Հարավ-արևմտյան թաղամասի գազալցակայան, որտեղ օրեր առաջ պայթել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և զրուցել «Օլիվեստա» ՍՊԸ-ի հերթափոխի պետ Գոռ Գալոյանի հետ:
     «Շահագործման ժամկետ գոյություն ունի, ցավոք սրտի մենք բոլորս՝ վարորդները, մեքենայի սեփականատերն այսօր դրան ուշադրություն չենք դարձնում: Ժողովրդին էլ չես կարող մեղադրել, դա ֆինանսի հետ է կապված: Բայց ավելի լավ է էդ գումարը հայթայթեն, տարին մեկ անգամ ստուգեն: Կոնկրետ մեզ մոտ բալոնի ոչ պիտանելիության խնդիրն է եղել: Մենք հարցրել ենք, ինքն ունեցել է փաստաթուղթը»:
     Գոռ Գալոյանը պնդեց, որ իրենց մոտ միանշանակ ստուգվում են բալոնի շահագործման փաստաթղթերը: Եթե աչքով տեսանելի է բալոնի անորակությունը, չեն լիցքավորում, քանի որ դրա վտանգը ոչ թե 50/50, այլ 80-90% է:
     «Մեզ մոտ հիմնականում էն մեքենաներն են, որ մշտական հաճախորդներ են, եթե էդ մարդունը մենք էսօր տեղյակ ենք, որ պիտանի է, վաղն իմաստ չունի հարցնելը, իսկ անծանոթներին միանշանակ հարցնում ենք: «Մերսեդես»-ը համապատասխան փաստաթուղթն ուներ, բայց թե ինչի եղավ պայթյունը, չեմ կարող ասել, դա ավելի ստույգ փորձաքննության եզրակացությունը կտա: Որոշակի ճնշում, որոշակի խորանարդ լիցքավորելուց հետո տալիս ենք դադար, մենք տվել էինք մոտ 100 ճնշում, որ նորմայից մոտ կեսն է, թույլատրելին մոտ 200 ճնշումն է, «Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում: Բալոնի անորակությունն է եղել»:
     Հարցին՝ ինչպե՞ս են ընտրում աշխատողներին և ծրագրային, կամ տեխնիկական ի՞նչ խնդիրներ կարող են լինել, որոնք կհանգեցնեն նման դեպքերի, Գոռ Գալոյանը պատասխանեց. «Մյուս կառույցներինը չեմ կարող ասել: Երբ աշխատողները դիմում են մեզ ու եթե տեղ ենք ունենում, հատուկ կազմակերպություն կա, այնտեղ անցնում են դասընթացներ՝ կապված գազի, մեխանիզմի աշխատելու ձևի հետ: Դասընթացների փուլն անցնելուց հետո հրահանգավորում են ստանում և ընդունվում են աշխատանքի»,- ասաց նա:
«Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում. Գոռ Գալոյան
«Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում. Գոռ Գալոյան
12410 | 0
Facebook