Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես դեմ չեմ ծաղիկ նվիրելուն, բայց դրան էլ չափ ու սահման կա». Անահիտ Բախշյանը` դպրոցներում դրամահավաքի մասին

17:06, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
«Ես դեմ չեմ ծաղիկ նվիրելուն, բայց դրան էլ չափ ու սահման կա». Անահիտ Բախշյանը` դպրոցներում դրամահավաքի մասին

ՄԱՄՈՒԼ.am լրատվականը բազմիցս անդրադարձել է դպրոցներում իրականացվող դրամահավաքության դեպքերին:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այդ մասին` Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ ծնողը պետք է մասնակցի դպրոցի լրացուցիչ ֆինանսավորմանը, սակայն, նրա համոզմամբ` դրսում այդ ամենը կամավոր է արվում, և ոչ ոքի մտքով չի անցնում դրա անունը դնել դրամահավաք:

«Գոյություն ունի ծնողական հիմնադրամ, որն իրավունք ունի որոշելու, որ յուրաքանչյուր ծնող, կամավորության սկզբունքով ամիսը ենթադրենք 200-300 դրամ ներդրում կատարի, պայմանով, որ դպրոցի տնօրենը յուրաքանչյուր ամիս հստակ հաշվետվություն տա, թե ծնողական հիմնադրամի գումարն ինչի վրա է ծախսել»,- նշեց Անահիտ Բախշյանն, ում կարծիքով` տնօրենը պարտավոր չէ իր գրպանից այս կամ այն հարցի լուծման համար գումար տրամադրել:

«Մեր դպրոցում, որտեղ տնօրեն էի, 70-80%-ն ամեն ամիս այդ ներդրումը սիրով անում էր, և որևէ անգամ վեճ չի ծագել, թե` Բախշյանը դրամահավաք է անում: Դրա անունը դրամահավաք չէ, սա պատվաբեր երևույթ է, որը կոչվում է ներդրում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ըստ նրա` դպրոցի տնօրեններն իրավունք չունեն դրամ հավաքելու ջեռուցման, դասից բացակայելու կամ քննությունների համար, ինչպես նաև` ատեստատների ու հավաքարար պահելու համար: Անահիտ Բախշյանը ուսուցչին ծաղիկներ նվիրելը ևս չի համարում դրամահավաք: «Ես դեմ չեմ ծաղիկ նվիրելուն, բայց դրան էլ չափ ու սահման կա: Դա էլ պետք է մտածված ու գեղեցիկ լինի: Ամբողջ դասարանի կողմից մեկ ծաղկեփունջը հասկանալի է, բայց երբ ամեն ծնող մի ծաղկեփունջ առած գալիս է, և ասում ես` 200 դրամ տուր, ինքն ասում է` կամավոր չեմ տալու, սա` անհասկանալի է»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը:

Խոսելով «Վերջին զանգի» մասին, նա խորհուրդ տվեց հանգիստ թողնել շրջանավարտներին: «Դա` այդ երեխաների օրն է, իրենք թող որոշեն»:

3472 | 0
Facebook