Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունենալ». քանդակագործը` բուհերը Երևանից տեղափոխելու մասին

16:25, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
«Այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունենալ». քանդակագործը` բուհերը Երևանից տեղափոխելու մասին

Քաղաքաշինության նախարարության առաջարկը, համաձայն որի` երևանյան բուհերից մի քանիսը պետք է տեղափոխվեն Գյումրի, զայրացրել է նաև քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին, ում զարմացնում է` ի՞նչ ասել է բեռնաթափել քաղաքը: «Այդ ինչպե՞ս են գլխի ընկել, որ ծանրաբեռնված է: Խորհրդային միության տարիներին ուսանողների թիվն ինչքա՞ն էր, և հիմա՞ ինչքան է»,- ասում է քանդակագործը:

«Քաղաքաշինությունը` դա քաղաքակրթություն է, որի մեջ նստած է ամեն ինչ` արդյունաբերություն, էկոնոմիկա, առողջապահություն, մշակույթ… Եթե գործարան չի աշխատում մարզերում, բուհերն ինչպե՞ս պետք է աշխատեն: Դուք գիտե՞ք ինչ վիճակում է հայ ժողովրդի թեթև արդյունաբերության գործարանը, որը գտնվում է Գյումրիում: Ամբողջը քանդել, կերել են ու մի հատ ռեստորան են սարքել: Պարզվում է` այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունանալ: Հյուրանոցն էլ դրսի մարդկանց համար է»,- ընդգծում է ճարտարապետը:

«Ո՞ր դասախոսի ընտանիքը կթողնի, կգնա: Դե թող համալսարանը «պաչևնիկների» վրա դնեն, քշելով տանեն Գյումրի»,- ասաց Ֆերդինանտ Առաքելյանն ու այս առիթով մի անկեդոտ պատմեց.

«Երեխան մոտենում է լաստը քշող նավաստուն և խնդրում, որ իրեն այս ափից հասցնի մյուսը: Նավաստին ասում է` փողը տուր, տանեմ: Երեխան ասում է` փող չունեմ, իսկ նավաստին պատասխանում է` այ ախմախ, եթե փող չունես, ի՞նչ տարբերություն` էս ափին, թե՞ էն»,- ամփոփեց ճարտարապետը:

5053 | 4
Facebook