Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բուհը կահույք չի, որ էստեղից էնտեղ տեղափոխվի». Երևանի բուհերը Գյումրի տեղափոխելու և տարածքը հյուրանոցային համալիր դարձնելու լուրերի մասին

15:45, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
«Բուհը կահույք չի, որ էստեղից էնտեղ տեղափոխվի». Երևանի բուհերը Գյումրի տեղափոխելու և տարածքը հյուրանոցային համալիր դարձնելու լուրերի մասին

Օրերս Քաղաքաշինության նախարարությունը հանդես է եկել նոր նախագիծ-առաջարկով, որ առաջիկա տարիներին Երևանի բուհերից մի քանիսը տեղափոխվեն Գյումրի, և այդ կառույցները տրամադրվեն հյուրանոցային համալիրներին, այս մասին այսօր տեղեկացրեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, ում խոսքով` այս ամենի նպատակն է թեթևացնել Երևանի ծանրաբեռնվածությունը, խթանել Գյումրիի զարգացումը: Նրա խոսքով` քննարկմանը, որին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, Գյումրու քաղաքապետն ու մարզպետը, միաձայն ողջունել են առաջարկը: Նրա փոխանցմամբ` նախատեսում են տեղափոխել ԵՊՄՀ-ն, ԵՊՏՀ-ն, ՖԿՀՊ-ն և Գեղարվեստի պետական ակադեմիան:

«Նախկինում կային 11 բուհեր, այսօր Երևան քաղաքում կա ուսումնական 60 հաստատություն: Ուսանողների թիվը կազմում է 100 հազար, դասախոսական կազմը` 10 հազար: Հանրային տրանսպորտի 30%-ն զբաղեցնում է ուսանողությունը»,- նշեց ճարտարապետն, ում խոսքով գլխավոր պատճառը տարաբնակեցման խնդիրն է. «Երևանը գերծանրաբեռնված է, իսկ մյուս մարզերում բնակչությունը պակասում է»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը: Ճարտարապետը նաև դիտարկեց, որ բոլոր այդ շենքերը կառուցվել են Խորհրդային միության տարիներին, երբ Երևանի բալային հաշվարկն ընդամենը 7 էր: «Մի փոքր երկրաշարժի պարագայում այս շենքերի 90%-ը կհավասարվի հողին»: Նրա խոսքով` Գյումրիում բուհերը կունենան իդեալական կարգավիճակ` գերժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև կլուծվի տրանսպորտի հարցն ու կլինեն արագընթաց երթուղիներ:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան

Պրոֆեսոր, գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանն, ով արդեն 26 տարի դասավանդում է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում, վստահ է, որ եթե անգամ մասնաճյուղը տեղափոխեն «Երրորդ մաս», ուսանողների մեծ մասը չեն գա: Նա նախագիծը համարում է անիրատեսական, քանի որ բուհը դա շենք-շինություն չէ: «Դա իր մեջ գաղափար է ամփոփում: Գաղափարը չեք կարող վերցնել, տեղափոխել: Ինչպե՞ս կարելի է 22 թվին ստեղծված բուհը վերցնել, մեկ օրում տեղափոխել, որևէ դրական արդյունք չեմ տեսնում»,- նշեց Արթուր Մարտիրոսյանն, ով խոստովանեց, որ այդ պարագայում կհրաժարվի աշխատել:

Հոգեբան Սամվել Խուդոյան
Հոգեբան Սամվել Խուդոյան
Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ էլ բուհը կահույք չի, որ էստեղից էնտեղ տեղափոխվի: «Բուհն ունի իր համակարգը, իր հանրակացարանները տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը: Պատկերացնո՞ւմ եք Մոսկվայի համալսարանը տեղափոխվի Լենինգրադ, կամ Օքսֆորդի համալսարանը տեղափոխեն Նյու Յորք: Դա աբսուդի գագաթն է: Անհնար է. ի՞նչ ֆանտազիա պետք է ունենալ նման բան մտածելու համար: Այստեղից ոʹչ դասախոսական անձնակազմը կգնա Գյումրի, ոʹչ էլ ուսանողությունը, նույնիսկ եթե տրանսպորտի հարցը լուծվի»,- համոզված է Սամվել Խուդոյանը, ում դիտարկմամբ` դրանից կշահեն մասնավոր բուհերը: «Այն դասախոսական անձնակազմը, որը չի գնա, և որի պահանջարկը մեծ է, նրանք կանցնեն մասնավոր բուհերի տիրույթ: Այն ուսանողները, որոնք չեն նախընտրի Երևանից գնալ, ևս կնախընտրեն մասնավոր բուհեր»,- ասաց նա, ում համոզմամբ` բուհը տեղափոխել այլ քաղաք` անհնար է: «Այդ բուհը կոչնչանա: Կլինի մեկ այլ բուհ` տվյալ քաղաքի ներուժի մակարդակով»,- վստահ է Սամվել Խուդոյանը:

Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ բուհերի փոխարեն Ազգային ժողովի շենքը, կամ Մշակույթի նախարարությունը չի տեղափոխվում Գյումրի, Գուրգեն Մուշեղյանի կարծիքով` դա խնդիրը չի լուծում:

7637 | 8
Facebook