Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«BBC»-ի անդրադարձը՝ համացանցի հերոս դարձած տաքսու վարորդին

23:20, կիրակի, 17 մայիսի, 2015 թ.
«BBC»-ի անդրադարձը՝ համացանցի հերոս դարձած տաքսու վարորդին
     Բրիտանական հեղինակավոր «BBC» պարբերականն անդրադարձել է տաքսու վարորդ Արման Գալստյանի հայտնի հարցազրույցին՝ նշելով, որ հեռուստատեսությամբ հնչած նրա խոսքերը լայն արձագանք են ունեցել ողջ Հայաստանում՝ վերջինին դարձնելով համացանցի հերոս: «Աշխարհի շատ երկրներում տաքսու վարորդները դիտվում են որպես բանականության աղբյուր, ովքեր մարդկանց հետ շատ շփվելու շնորհիվ ծանոթ են հասարակությանը հուզող մի շարք խնդիրների և կարողանում են խոսել տարբեր թեմաների շուրջ: Այդ տեսակետը ևս մեկ անգամ հաստատեց նախկինում անհայտ, ազգությամբ հայ մի տաքսու վարորդ, ով այս ամսվա սկզբին, մասնակցելով տաքսիների լիցենզավորման մասին օրենքի փոփոխությունների դեմ բողոքի ցույցին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բարձրաձայնեց այն խնդիրները, որոնց հետ առնչվում են ինքը և իր գործընկերները՝ կառավարության կողմից առաջ քաշված այդ նորամուծությունների պատճառով: Տրանսպորտի հետ կապված խնդիրները, թվում է, այնքան էլ չեն հուզում հասարակությանը: Սակայն, երբ վերոհիշյալ տաքսու վարորդի՝ Արման Գալստյանի մենախոսությունը հայտնվեց «YouTube»-ում, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում աննախադեպ թվով դիտումներ ապահովեց: Դրանից հետո Գալստյանը հրավիրվեց հեռուստատեսային հարցազրույցի` հաղորդավար Պետրոս Ղազարյանի մոտ, որտեղ, խոսելով կառավարության քայլերի մասին, Գալստյանը կառավարության անդամներին պարզապես խորհուրդ տվեց վիրտուալ կյանքից տեղափոխվել իրական կյանք և իրենց վիճակը զգալու համար գալ ու տաքսի քշել: Ինչու, այնուամենայնիվ, Գալստյանն այսպիսի մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում: «ԲիԲիՍի»-ի դիտարկումների հարցով մասնագետ Տիգրան Զաքարյանն այս առիթով նշել է, որ հասարակությունը կարծես Գալստյանի բողոքի մեջ տեսավ նաև իր բողոքն առ այն, որ Հայաստանում կառավարությունն օրենքներ է սահմանում ընտրողաբար և անարդարացի կերպով: Զաքարյանի խոսքերով՝ Գալստյանն առօրյա լեզվով կարողացավ հստակ ուղերձ հղել կառավարությանը: Շատ մարդիկ նրան պարզապես հերոս որակեցին իրենց սոցկայքերի գրառումներով: Համացանցում նույնիսկ Գալստյանին ուղղված այսպիսի մեկնաբանություն հայտնվեց. «Դու հազար անգամ ավելի խելացի ես, քան մեր երկրի նախագահը (Սերժ Սարգսյան)»: Իսկ հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանն այսպես արտահայտվեց այդ հարցազրույցի մասին. «Կատակը, որն ասում է, թե այն մարդիկ, ովքեր իրականում գիտեն` ինչպես լավ կառավարել երկրիը, ցավոք, տաքսու վարորդ են, այս դեպքում դարձավ իրականություն»: Իսկ հաղորդավար Պետրոս Ղազարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Արմանի խոսքերն այսպիսի բուռն արձագանք ստացան, ասաց. «Իմ հաղորդումը շատ հյուրեր է ունեցել, որոնց խնդիրն անհամեմատ ավելի մեծ է եղել, քան Գալստյանինը: Սակայն այս դեպքում այսպիսի արձագանքը պարզապես անսպասել էր: Իմ կարծիքով, մարդկանց ավելի շատ հետաքրքրում է սենսացիան և իրարանցումը, քան արդարությունը»»,- գրում է պարբերականը:
26017 | 6
Facebook