Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է և զարգացած». Նորա Արմանի

19:25, երեքշաբթի, 05 մայիսի, 2015 թ.
«Հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է և զարգացած». Նորա Արմանի

Մայիսի 3-ին և 4-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրության պրեմիերան: Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու նպատակով` ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հրավերով, Հայաստան էր ժամանել ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին, ում հետ համագործակցելու առիթ բեմադրիչը վաղուց էր փնտրում:

Դերասանուհին փորձերին միացել է բավական ուշ, ընդամենը մի քանի օրում հասցրել է ներմուծվել բեմադրության մեջ ու պրեմիերային հիացրել ևʹ բեմադրիչին, ևʹ հանդիսատեսին: Նրա խոսքով` Հակոբ Ղազանչյանի հետ աշխատելը բավական մեծ փորձ էր իր համար: «Ինձ այնպես ջերմ ու լավ դիմավորեցին այստեղ, որ լավ չխաղալ պարզապես չէի կարող»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:
     «Ներկայացման թեման ինձ հոգեհարազատ է, այն իմ նախնիների պատմությունն է: Իմ ընտանիքը ներգաղթող չի եղել, բայց քրոջս զավակները բոլորը ներգաղթածներ են: Ներկայացման հերոսուհին, ում մարմնավորում եմ, այն հայրենադարձներից է, ով գալիս է Հայաստան իր միսիան կատարելու` հայրենքիը փրկելու, և բնակչության թիվը բազմացնելու»,- նշեց Նորա Արմանին:
     «Թատրոնները, որոնք մեզ ժառանգություն են մնացել խորհրդային Հայաստանից, պետք է փայփայել, պաշտպանել ու ֆինանսավորել և ամեն ձևով նեցուկ կանգնել, որովհետև սա մեր մշակույթի հողն ու ջուրն է, եթե այս տեսակ հիմնարկները չլինեն, մենք կկորսվենք»,- ասաց դերասանուհին, ում կարծիքով` հայրենասիրությունը օդի մեջ` եթերային բան չէ. «Հայրենասիրությունը` բահն ու բրիչը ձեռքն առնելով հայրենիք կերտելն է»:
     Նորա Արմանիի բնորոշմամբ` իր համար հայրենիք գալը սնունդ է: «Ամեն անգամ, երբ որ Հայաստան եմ գալիս նորոգվում եմ, սնվում եմ և վերադառնում եմ` մի որոշ ժամանակ էլ դրսում գոյատևելու համար: Համեմատելով սփյուռքի և հայաստանյան հանդիսատեսին` դերասանուհին նշեց, որ այստեղի հանդիսատեսը շատ մեծ ավանդույթ ունի թատրոն հաճախելու: «Այստեղի հանդիսատեսը զարգացած ու խստապահանջ է, և ամեն բան չի, որ կարող է հավանել: Դա դերասանին պարտավորեցնում է հենց այնպես բեմ չբարձրանալ»,- ամփոփեց Նորա Արմանին:

5545 | 0
Facebook