Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության նման որոշումը նպատակ է հետապնդում հերթական անգամ մտնել վարորդի գրպանը». Զոյա Թադևոսյանը` վառելիքի վրա նոր հարկատեսակ սահմանելու մասին

16:53, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Կառավարության նման որոշումը նպատակ է հետապնդում հերթական անգամ մտնել վարորդի գրպանը». Զոյա Թադևոսյանը` վառելիքի վրա նոր հարկատեսակ սահմանելու մասին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն օրերս, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, Հայաստանի ճանապարհների վերանորոգման տարբերակ է առաջարկել` վառելիքի վրա նոր հարկատեսակ սահմանելը: Այսինքն` ըստ կառավարության, պետք է ստեղծվի «ճանապարհային ֆոնդ», որը պետք է գոյանա վառելիքի գինը բարձրացնելով և այդ միջոցներով հնարավոր կլինի ճանապարհները վերանորոգել: Ստացվում է` վարորոդներն ավտոճանապարհներից օգտվելու համար պետք է որոշակի գումար վճարեն: Շատ վարորդներ կարծում են, որ սա Կառավարության հերթական որոգայթն է:
     Արդյոք ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում այս որոշումը, ի՞նչ հետևանքներ կունենա այն, եթե կյանքի կոչվի, և ի՞նչ խնդիրներ կստեղծի ավտովարորդների համար:
     Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա հարկային բեռի ծանրացում է, ինչը, բնականաբար, բերելու է նաև հետևանքներ: «Ցավալին այն է, որ փոխանակ հարկային բեռը թեթևացնեն, տարբեր պատրվակներով ծանրացնում են: Կարելի է ոչ թե ճանապարհի հարկ վերցնել, այլև ավտոմեքենաների գույքահարկն ավելացնել, կամ էլ, գոնե վարորդների նկատմամբ մեկ ուրիշ հարկ ավելացնել: Իհարկե, դա կարելի է անվանել ճանապարհի հարկ, բայց կարծում եմ, բովանդակության տեսակետից, պատասխանը միակն է` հարկային բեռի ծանրացում»,-դիտարկեց Սադոյանը:
     Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանի խոսքով, հարևան պետությունների հետ համեմատած, օրինակ Վրաստանի, Հայաստանում բենզինի գինը բավականաչափ բարձր է, եթե, իհարկե, բարձրացման խնդիրը համարվում է ճանապարհների վերանորոգման շինարարության համար կարևոր պայման: «Միշտ կարելի էր այդ նպատակն իրացնել, երբ բարձրացվում էր վառելիքի գինը` անկախ նրանից համաշխարհային գները բարձր էին, թե ցածր կամ` արժույթի կուրսը բարձր էր, թե ցածր: Մեզ մոտ միշտ բարձր, կայուն գներ են սահմանվում, որովհետև ներկրողները մենաշնորհ ներկրողներ են»,- ասաց նա:
     Տնտեսագետը նշեց, որ բոլոր մեքենաների սեփականատերերն իրենց ավտոմեքենաներն անպայման տեխնիկական զննման են ենթարկում` կատարելով հսկայական վճարներ: Եվ հայտնի չէ` այդ տեխզննման գումարները որտե՞ղ են ծախսվում, ի՞նչ նպատակով: «Վարորդները, հիմնականում, վճարում են նրա համար, որպեսզի նորմալ ճանապարհներ ունենան և մեքենաները` փոսերի, քանդված ճանապարհների պատճառով հանկարծակի խափանման չենթարկվեն: Եվ կարծում եմ, այդ գումարները կարելի է ուղղել ճանապարհների վերանորոգմանը»:
     Ըստ Թադևոսյանի, պետությունը ցանկացած խնդիր փորձում է լուծել հարկերի բարձրացման ճանապարհով, և այդ ճանապարհով, ըստ նրա, կարելի է խնդիրներ լուծել, եթե, իհարկե, հավաքվող հարկերն ուղղվեն կոնկրետ խնդրի լուծմանը: «Սակայն փորձը ցույց է տվել, որ ինչ-որ ժամանակ անց, այդ գումարները մսխվում են և որևէ գումար իր նպատակին չի ծառայում, ինչպես, սովորաբար, լինում է Հայաստանում... Ո՞ւր են գնում կարմիր գծերի փողերը, ինչո՞ւ անհատների գրպանը, ո՞ւր են գնում այն վարորդների կողմից վճարվող տարբեր տույժուտուգանքների գումարները, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները: Այդ գումարներից էլ չէ՞ կարող են ինչ-որ չափով հատկացվել ճանապարհների վերանորոգման համար»,- հարցադրումներ արեց նա` հիշելով, որ ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` ճանապարհների վերակառուցման համար ժամանակին` թեʹ Համաշխարհային բանկը, թեʹ միջազգային մի շարք կառույցներ, ինչպես նաև` Լինսի հիմնադրամը, հսկայական գումարներ հատկացրեցին, իսկ թե ո՞ւր «գնացին» այդ փողերը, որտե՞ղ «փոշիացան», ոչ ոք չգիտի: «Ինչո՞ւ դրանք իրենց նպատակին չեն ծառայել, ինչո՞ւ չեն կառուցվել այնպիսի ճանապարհներ, որոնք ոչ թե յուրաքանչյուր տարի կարկատանների մակարդակով վերանորոգվեին, այլ այնքան ամուր ու հուսալի, որ ամեն տարի գումարների կարիք չզգացվեր: Այդ հարցերի պատասխանները կառավարության որևէ անդամ ունի՞»:
     ՀԱԿ անդամի կարծիքով, կառավարության նման որոշումը նպատակ է հետապնդում հերթական անգամ մտնել վարորդի գրպանը. «Բնականաբար, դա ամենահեշտ ճանապարհն է: Այնտեղ, որտեղ աշխատող օրգան են տեսնում, օրգանիզմի մնացած բոլոր ֆունկցիաները գցում են այդ մեկ օրգանի վրա»,- դիտարկեց նա` նշելով, որ այն իրականանալու դեպքում, թեև հասարակության շրջանում սոցիալական դժգոհություններ կառաջանան, բայց դրանք ոչ մի կերպ չեն վերածվի հեղափոխական պայթյունի. «Չի լինելու նման բան: Մարդիկ այնքան խեղճուկրակ են և հարմարվող, որ մեկ-երկու օր բողոքում են, և զենքերը վայր դնում: Նման բողոքները երբեք սոցիալական բունտ չեն դառնում, և իշխանությունները դա շատ լավ իմանալով` խաղում են ժողովրդի թույլ տեղերի հետ»,- նկատեց տնտեսագետը:

5826 | 6
Facebook