Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանի հերոսամարտից 100 տարի է անցել

17:03, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Վանի հերոսամարտից 100 տարի է անցել

1915-ի մայիսի 4-ին` ուղիղ 100 տարի առաջ հաղթանակով պսակվեց Վանի հերոսական ինքնապաշտպանությունը:

1914-ին Վանում բնակվում էր 41 հազար մարդ, որից 23 հազարը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։ 1915-ի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հազար հայ։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։

1915-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արամ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։

Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին, որի կազմում են եղել Հայկ Կոսոյանը, Լևոն Գալճյանը, Միհրան Թորոմանյանը, Միհրդատ Միրզախանյանը, Սարգիս Շահինյանը, Դավիթ Սարգսյանը, Հարություն (Հարո) Ներկարարյանը և այլք:

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին ունեցել է 60-70 զոհ։ Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ։ Սակայն, Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24 հազար հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ։

Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։

1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությանը հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է։ Այն 150 հազարից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից:

6907 | 0
Facebook