Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա կրթական համակարգն է մեղավոր, երբ երեխան «տգետ» է մեծանում, այս նոր, ոչինչ չտվող ծրագրերը, դասագրքերը` իրենց «անկապ» ու անհասկանալի հեղինակներով». ծնողները դժգոհում են կրթական համակարգից

11:15, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2015 թ.
«Այսօրվա կրթական համակարգն է մեղավոր, երբ երեխան «տգետ» է մեծանում, այս նոր, ոչինչ չտվող ծրագրերը, դասագրքերը` իրենց «անկապ» ու անհասկանալի հեղինակներով». ծնողները դժգոհում են կրթական համակարգից

Որակյալ կրթություն ունենալու կարևորագույն նախապայմաններից մեկը լավ դասագրքերն են։ Իսկ ի՞նչ է արվում այսօր աշակերտներին որակյալ դասագիրք մատուցելու ուղղությամբ։ Ընդամենը ստեղծվում են գրքեր, որոնք մտավոր որակ և գիտելիք ապահովելու փոխարեն հակառակ ազդեցությունն են թողնում: «Ճիշտ է, մենք ունենք այնպիսի դասագրքեր, որոնք գրվել են լավագույն մասնագետների` վաստակաշատ ակադեմիկոսների, պրոֆեսորների, մանկավարժների կողմից, բայց շատերը կփաստեն, որ դրանք հանրակրթության բնագավառի համար չեն: Խոսքը նույնիսկ տեխնիկական վրիպակների, բացթողումների կամ մանր-մունր սխալների մասին չէ, այլ թեմա ընտրելու, դասագիրք գրելու, որն անել, թերևս, ոչ բոլոր գրողներն են կարողանում»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով հանրակրթական դպրոցների դասագրքերում առկա թերությունների շուրջ, նշեց հայոց լեզվի և գրականության մասնագետ Ելենա Միրզոյանը: Նրա խոսքով, օրինակ, չորրորդ դասարանի գիրք գրելու համար նախևառաջ անհրաժեշտ է հոգեբանական մոտեցում ցուցաբերել, մանկավարժական առանձնահատկություններ ունենալ: Միայն գրելու բարձր ունակությամբ ու վարպետությամբ օժտված լինելը դեռ բավական չէ:
     Այսօր դպրոցներում ամենավատթար վիճակում «Մայրենի» կոչված դասագրքներն են, որոնք զուրկ են գեղարվեստականությունից: «Մերօրյա հանրակրթական դպրոցներում ոչինչ չուսուցանող դասագրքերը շատ մարդկանց զայրույթի պատճառ են դառնում: Նրանք նախ` բառիս բուն իմաստով` «դատարկ» են, և հետո` ծայրեծայր անտրամաբանական: Բացի այդ, նրանք այնքան են «աղքատ», որ նույնիսկ մանկավարժներն են նեղվում այդ փաստից: Դա է պատճառը, որ վերջիններն աշակերտից պահանջում են դիմել համակարգչի օգնությանը` երեխային արհեստականորեն հեռացնելով գրքից»,- շարունակում է դասագրքերի վերաբերյալ իր մասնագիտական գնահատականը տալ վաստակաշատ մանկավարժը:
     Հարկ է կրկին հիշել այն բարի ու լավ ժամանակները, երբ մեր դպրոցական դասագրքերից ստանում էինք այն ամենն, ինչ մեզ պետք էր` դեռ մի բան էլ ավելին: Նույն կարծիքին է նաև Ելենա Միրզոյանը. «Նախկինում գոյություն ուներ գրականության քրիստոմատյա, որը լրիվ բավարարում էր` նորմալ գիտելիքներ ստանալու համար: Ի՞նչ գիտեինք` համակարգիչն ինչ է: Թումանյանի «Անուշն» ու «Թմբկաբերդի առումը» ամբողջությամբ էր դրված գրքում, այսօր, լավագույն դեպքում, չորս տող... »:
     Մեզ հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը պատասխանելով, թե ինչպե՞ս է գնահատում մեր ժամանակների դասագրքերը և ինչպես վերաբերում այն հանգամանքին, որ ամեն տարի տարբեր հեղինակների գրքեր են «մտնում» դպրոց, կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր դպրոց ինքը պետք է ընտրի այդ դասագրքերը. «Ճիշտը դա է: Գիրքը պարտադիր դպրոցի ընտրությանը պետք է թողնել: Տնօրենը, եթե տեսնում է տվյալ հեղինակի գիրքը արժանահավատ չէ, չպետք է թույլ տա իր աշակերտն այն իր ձեռքը վերցնի»,- ասաց նա:
     Ինչևէ, շատ մասնագետներ նույնպես փաստում են, որ աշակերտն այսօր զրկված է գեղարվեստական գիրք կարդալուց, որովհետև հույսը դնում է համակարգչի վրա և «քոփի» անելու սիրված ու «ընդունված» եղանակով ներկայացնում է իրեն տրված հանձնարարությունը: Եվ դրանում ուսուցչի մեղավորությունը գրեթե չկա: Վերջինները կրկին անգամ փաստում են, որ այսօրվա կրթական համակարգն է մեղավոր, երբ երեխան «տգետ» է մեծանում, այս նոր, ոչինչ չտվող ծրագրերը, դասագրքերը` իրենց «անկապ» ու անհասկանալի հեղինակներով: Իսկ կրթական ոլորտի ներկայացուցիչները երեխայի՝ գրքից հեռանալու հանգամանքը կապում են ծնողների անուշադրության հետ` պատճառաբանելով, որ վերջինները բավարար չափով չեն հետևում սեփական երեխային և մղում են համակարգչի գիրկը:

11377 | 1
Facebook