Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իշխանությունը մոռացավ Ծառուկյանի` «չմուծված միլիարդավոր դրամ» հարկերի մասին

15:15, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Իշխանությունը մոռացավ Ծառուկյանի` «չմուծված միլիարդավոր դրամ» հարկերի մասին

Փետրվարի 12-ի ՀՀԿ նիստի իր հայտնի ելույթում ՀՀ նախագահը, խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին, ասել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:
     Նախագահի ելույթից երկու օր անց վարչապետը հանձնարարել էր ստուգել Ծառուկյանի չմուծած հարկերի մասին տեղեկությունը:
     Մեկ ամիս առաջ, երբ լրատվամիջոցները դիմել էին Ֆիննախին` խնդրելով տրամադրել Գագիկ Ծառուկյանին պատկանող այն ձեռնարկությունների ցանկը, որտեղ ստուգումներ են իրականացվում, նշելով, թե արդյո՞ք որևէ չարաշահում հայտնաբերվել է, ֆիննախից հայտնել էին, որ տեղեկությունները հանդիսանում են հարկային գաղտնիք և ենթակա չեն տրամադրման:
     Շաբաթներ առաջ ՄԱՄՈՒԼ.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին, որտեղ ի թիվ այլ հարցերի, փորձել էինք պարզել, թե ինչո՞ւ է Ֆիննախը հրաժարվում տեղեկություններ տրամադրել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում կատարված ստուգումների մասին` պատճառաբանելով, թե դա հարկային գաղտնիք է, մինչդեռ մյուս խոշոր գործարարների մասին տեղեկություններ տրամադրում է:
     Նախարարությանն ուղարկած մեր հարցումն անպատասխան է մնացել:
     Հարցի վերաբերյալ զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով տեղեկացրեց, որ Գ. Ծառուկյանի բիզնես գործունեության հարկային ստուգումները շարունակվում են ու արդյունքների մասին մինչ օրս որևէ բան հայտնի չէ իրենց:

7876 | 3
Facebook