Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Մարտիրոսյան. «Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է ընդhանրապես համացանցի պատմության մեջ»

18:05, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Սամվել Մարտիրոսյան. «Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է ընդhանրապես համացանցի պատմության մեջ»

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում թուրք-ադրբեջանական հաքերային հարձակումներն այնքան ուժեղ չէին, ինչքան որ սպասվում էր: Հայկական կողմը բավականին լավ էր պատրաստվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Թուրքական կողմը փորձում էր հասարակ այցելուին տանել իրենց կողմ, որ կրթի իր ուզած ձևով: Այս անգամ իրենք անհավասար դիրքերում էին: Այս տարի միջազգային մամուլը «պրո հայկական» դիրքերում էր, ընթերցողը լրացուցիչ կրթվելու կարիք էլ չուներ: Նյութերը համառոտ նեկայացնում էին Ցեղասպանության վերաբերյալ հիմնական փաստերը: Թուրքական քարոզչությունը բավականին ճգնաժամային վիճակում էր հայտնվել»:

Թուրք-ադրբեջանական հարձակումների ժամանակ շուրջ 250 կայք է կոտրվել, որոնք այդքան էլ հայկական չէին և ոչ այդքան հայտնի:

Նա նշեց, որ բավականին ուժեղ DDOS հարձակում է գնացել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգով պաշտոնական կայքի վրա, բայց հայկական կողմը կարողացել է շատ արագ կանխարգելել: Փաստացի լուրջ հարձակում էր, որովհետև հիմնական տեղեկատվական հանգույցին էին խոցում:

«Հայկական կողմը չափից շատ էր պատրաստվել: Պաշտպանությունը շատ լուրջ էր, այստեղ մենք հաղթող ենք: Շատ կարևոր էր, որ փաստացի չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերը, որովհետև դա լուրջ վնասներ կտար մեզ: Ես ավելի շատ սպասում էի, որ մենք կտուժենք, բայց հակառակը եղավ»,- ընդգծեց նա:

Այս անգամ հայկական հաքերային խմբերը շատ ագրեսիվ էին գործում:

Հայկական խմբերից բացի, այս ամենի մեջ էր մտել նաև սերբական մի խումբ և հայերի շահերն էր պաշտպանում:

Ս. Մարտիրոսյանը նշեց, որ թուրքական քարոզչական կայքերը չէին աշխատում, ևս 10 այլ քարոզչական բնույթի կայքերի աշխատանք խափանվել էր:

«Մենք այլևս խնդիր չունենք վիճելու: Մեր խնդիրը տեղափոխվել է լրիվ ուրիշ դաշտ, քաղաքական, դիվանագիտական: Արդյոք ինչ-որ մի երկիր պատրաստ է իր շահերը, Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգելու, ցեղասպանության հարցը ճանաչելու: Մի քնաի տարի առաջ մենք խնդիր ունեինք ապացուցելու, որ ցեղասպանություն եղել է: Վերջնականապես այդ սառույցը կոտրվեց»:

Խոսելով «Google»-ում Հայաստանի մասին հետաքրքրվողների մասին` նա ասաց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է ընդhանրապես համացանցի պատմության մեջ: Վիճակագրությունները ցույց են տալիս, որ երբեք Հայաստանով այսքան հետաքրքրվողներ չեն եղել: Աննկարագրելի մեծ աճ է: ««Google»-ում տոկոսային հարաբերություններով Հայաստան, որտեղ է Հասյանտանը կամ Հայոց ցեղասպանություն փնտրվող բանալի բառերով աճը 2-ից 4 անգամ ավել է»,- եզրափակեց նա:

3028 | 4
Facebook