Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշ դպրոցներում, առանց ծնողների համաձայնության, երեխաներին կերակրում են ալյուրի հետ խառնած պրեմիքսներով, սինթետիկ դեղանյութերով, ֆոլաթթուներով

11:18, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Որոշ դպրոցներում, առանց ծնողների համաձայնության, երեխաներին կերակրում են ալյուրի հետ խառնած պրեմիքսներով, սինթետիկ դեղանյութերով, ֆոլաթթուներով

«Պարենի համաշխարհային ծրագիրը» (ՊՀԾ) Հայաստանում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է սննդարար տաք ապուր կամ շիլա ու հաց:
     Օրերս «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում արտահանման նպատակով: Պարզվել է, որ վերոնշյալ դպրոցների երեխաները, առանց ծնողների համաձայնության, արդեն հինգերորդ տարին է՝ կերակրվում են ալյուրի հետ խառնած պրեմիքսներով, ինչպես նաև՝ սինթետիկ դեղանյութերով՝ ֆոլաթթու և այլն:
     ՄԱՄՈՒԼ.am-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ այն կառույցներից, որոնք ի սկզբանե մասնակից են այս բարեգործական ծրագրին:
     Մեր թղթակցի հետ զրույցում ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ասաց, որ ԿԳՆ-ն միայն ռազմավարությանն առնչվող հարցերի համար է պատասխանատու և խորհուրդ տվեց սննդին առնչվող հարցերով դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը և «այլ համապատասխան մարմինների». «Մենք այդ հարցերի հետ կապ չունենք»,- շատ հանգիստ ձայնով ասաց Ռ. Ստեփանյանը:
     ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ այդ ծրագրի համար պատասխանատու է ԿԳՆ-ն: Մեր դիտարկմանը՝ թե ալյուրի հարստացման և առհասարակ սննդի հետ կապված խնդիրներն առողջապահությանն է վերաբերվում, պատասխանեցին, որ այդ ծրագիրը՝ «Դպրոցական սնունդ»-ը, իրենց հետ կապ չունի. «Դա ուրիշ ծրագիր է: Ճիշտ է, ալյուրի հարստացման մասին է խոսքը, բայց դա ԿԳՆ-ի իրավասությունների մեջ է մտնում:
     Այս խառնաշփոթը պարզելու նպատակով, զրուցեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: «Տեղյակ եմ, ես իրենց էլ եմ տեղեկացրել, որ պետք է համապատասխան ուսումնասիրություններ իրականացնենք խնդրի վերաբերյալ: Հիմա ժամանակից շուտ գնահատականներ չեմ ուզում տալ, որովհետև տեսական հնարավորությունները և փաստացի արձանագրված փաստերն էականորեն իրարից տարբերվում են: Այս փուլում բացառապես միայն տեսական գնահատական կարող եմ տալ, և միայն տեսական հնարավոր ռիսկերն է կարելի գնահատել: Մեր կասկածները հաստատված կլինեն, եթե մեզ հետաքրքող հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանանք»,- ասաց Պիպոյանը՝ նշելով, որ պետք է գրություն ուղարկեն համապատասխան մարմիններին՝ հասկանալու համար, թե այն ուսումնասիրությունները, որոնք կա՛մ իրականացրել են, կա՛մ ոչ, ի՞նչ մակարդակում է իրականացվել և այլն: «Եթե միայն տեսականն է ուսումնասիրվել, ապա ի՞նչ ռիսկեր է գնահատվել կամ չի գնահատվել… Չեմ կարծում՝ առանց ուսումնասիրության է դա իրականացվել, բայց խնդիրը նրանում է, թե ինչ խորությամբ է դա իրականացվել»:
     Բ. Պիպոյանը տարօրինակ համարեց, թե ինչպե՞ս է լինում, որ ՌԴ-ում այդ ալյուրն արտադրում են բացառապես արտահանման նպատակով: Ինչպե՞ս է, որ նա իր երկրում ալյուրի հարստացում թույլ չի տալիս, բայց ուրիշ երկրներում, տվյալ դեպքում մեր երկրում, այդ համակարգը ներդրվել է: «Սրանք ընդամենը հարցադրումներ են, սրանք փաստարկներ չեն: Մեր հարցերի պատասխանները կստանանք, որից հետո հանդես կգանք հրապարակային հայտարությամբ»,- խոստացավ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը:
     Կիրառվող ծրագրի շրջանակում երեխաներին տրվող անվճար սննդի վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է նաև մարզային մի շարք դպրոցների ղեկավարների հետ:
     Գավառի թիվ 5 դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանյանը, ով անչափ ոգևորված էր իրականացվող ծրագրով, ասաց, որ երեխաները մեծ հաճույքով են այդ կերակուրները ուտում, և ոչ մի անգամ դրա հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Մեր հարցին, թե արդյոք երեխաների ծնողները ծանոթացե՞լ են ծրագրին նախքան դրա կիրառումը և տեղյա՞կ են եղել, որ հացի ալյուրը հագեցված է հարուստ վիտամիններով, ասաց, որ ոչ միայն ծանոթ են, այլև հենց իրենց օժանդակությամբ է իրականացվել այն. «2010-ից իրականացվում է այդ ծրագիրը, և շատ գոհ ենք: Մի անգամ է եղել, երբ ալյուրից ծանր հոտ եմ առել և անմիջապես արգելել եմ դրա օգտագործումը: Դրանից հետո ամեն ինչ նորմալ է»:
     Տավուշի մարզի Այգեձորի դպրոցի տնօրեն Էլմիրա Եղիազարյանը ևս հաստատեց, որ և՛ ծնողներն են տեղեկացված ծրագրից, և՛ որ մինչ օրս սննդի պարունակության մեջ կասկածելի և վնասակար բաներ չեն հայտնաբերվել: «Շատ համեղ է, երեխաներն էլ մեծ հաճույքով ուտում են: Խնդիրներ չեն արձանագրվել, միգուցե դա ինձ համար հասանելի չէ, քանի որ ավելի շատ առաջնորդվել ենք համային որակներով»,- ասաց նա:
     Լոռիի Թանդիլյանի անվան թիվ 10 դպրոցի տնօրեն Սեդա Նալբանդյանն անկեղծացավ՝ նշելով, որ ծրագրի դրույթներին տեղյակ չեն թե՛ իրենք, թե՛ ծնողները. «Մենք տեղյակ չենք, մեզ բան չեն ասել այդ ալյուրի հագեցվածության մասին: Ես կարող եմ տեղեկանալ, հետաքրքվել, զանգահարել այդ ծրագրին… Ծնողները ևս տեղեկացված չեն, չգիտեն, թե ինչ են ուտում իրենց երեխաները: Ուղղակի ասել են՝ ալյուր է, մենք էլ չենք հետաքրքվել՝ ինչ ալյուր է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ ինքը ևս կարդացել է քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, տեղյակ է, որ առկա է նման խնդիր, բայց թե որքանո՞վ են ճիշտ այդ տեղեկությունները, չի կարող վստահորեն ասել:
     Ի դեպ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը նույնպես օրերս, հայտարարությամբ էր հանդես եկել և իր զարմանքն էր հայտնել, թե ինչու են իրենց մոտ ալյուրի ֆորտիֆիկացումը մերժող Ռուսաստանն ու Իսրայելը ֆինանսավորում մի ծրագիր, որով մեր դպրոցական երեխաներին ֆորտիֆիկացված ալյուր է տրվում:
     «Հայաստանի կառավարությունն անցած տարի օրենքի նախագիծ պատրաստեց, որպեսզի ալյուրը հարստացվի երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, վիտամիներով և այլն…: Ի՞նչ է նշանակում օրենքում գրված «և այլն»-ը, օրենքում չի կարելի գրել «և այլն»,- հարցադրում է անում նա՝ համոզված, որ երեխաների վրա փորձ է կատարվել:
     Նշենք, որ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սննդային հավելումները նույնպես դեղեր են, ՀՀ-ում սննդի մեջ թույլատրվող պրեմիքսներ չկան: «Դեղերի մասին» օրենքի համաձայն` ՊՀԾ-ի կողմից առանց երեխաների և երեխաների ծնողների համաձայնության կամ գաղտնի կերպով երեխաներին սննդի հետ խառնած դեղանյութեր տալը մարդու հիմնական իրավունքների ոտնահարում է և համարվում է հանցագործություն:

6598 | 1
Facebook